Մատչելիության հղումներ

«Ճանաչիր իրավունքներդ` եղիր պաշտպանված»


Փաստաբանների պալատի անդամ Աշոտ Սաֆարյանի հավաստմամբ` այսօր հաճախ խախտվում են մայրանալ պատրաստվող կանանց իրավունքները թե՛ տանը, թե՛ դրսում, թե՛ աշխատավայրում, եւ որ ամենասարսափելին է` նույնիսկ հիվանդանոցներում:

Որպես խոսքերի վառ ապացույց` փաստաբանը ներկայացնում է նաեւ իր իսկ կնոջ օրինակը. - «10 տարի մեր ամուսնությունից հետո նոր մեր բալիկը ծնվեց: Մեր առաջնեկին կինս ծննդաբերեց 46 տարեկանում, բավականին մեծ բարդություններով, եւ ինչն էր պատճառը` որ չկար խելքը գլխին բժիշկ: Մեր բժշկական ծառայություններից են նախածննդյան ժամանակահատվածում ծննդկանին հետեւելը, որպեսզի նա առողջական պրոբլեմներ չունենա: Վճարում ես, եւ բժիշկը չի կատարում իր պարտականությունները եւ պտուղը մահանում է: Իսկ թե ինչ հոգեբանական հարվածներ ստացավ իմ կինը 10 տարիների ընթացքում, մինչեւ իմ առաջնեկը ծնվեց` դա միայն ես գիտեմ»:

Հոգեբան Աննա Բադալյանն արդեն երեք տարի է աշխատում է Մայրության կենտրոնում` նույնքան ժամանակ, որքան գոյություն ունի կենտրոնը: Նրա խոսքով` կանանց հիմնական բողոքները կապված են լինում նախածննդյան եւ հետծննդյան բուժսպասարկման, աշխատավայրի, ընտանեկան իրավիճակների հետ:

Սակայն անդրադառնալով խնդիրների հոգեբանական կողմին` Բադալյանը նշում է. - «Պետք է գիտակցենք, որ սաղմն ունի ե՛ւ ընկալումներ, հիշողություն, ե՛ւ ձեւավորված հուզական ֆոն: Եթե ցանկանում ենք, որ հասարակության համար ունենանք վաղվա լիարժեք քաղաքացի` առանց հոգեբանական բարդույթների ու խնդիրների, ապա պետք է այնպես անենք, որ հղիությունը դառնա կնոջ կյանքի լավագույն շրջանը` պարուրենք ջերմությամբ, քնքշությամբ. որքան էլ նրա սոցիալական ստատուսը կայուն լինի, միեւնույն է` նա հղիության ընթացքում զգում է շրջապատի հոգածության կարիքը»:

Փաստաբան Աշոտ Սաֆարյանը նշում է, որ ծննդաբերող կանանց իրավունքները պաշտպանված են բազմաթիվ իրավական ակտերով` թե՛ քրեական օրենսդրությամբ, թե՛ քաղաքացիական, թե՛ աշխատանքային, եւ թե՛ կառավարության ծրագրերով: Իսկ եթե դրանք ոտնահարվում են, ապա պատճառը քաղաքացու պասիվությունն է կամ սեփական իրավունքների մասին անտեղյակությունը:

«Ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո մեկ տարի առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել, ապա հայցադիմումը դատարանն անպայման հետ է վերադարձնում: Քրեական օրենսգրքի 156 հոդվածում նշվում է` հղի կնոջ, մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը քրեորեն պատժելի արարք է: Ընտանեկան օրենսգիրք` ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում. սա եւս հղի կնոջ իրավունքների պաշտպանության ուղղակի ակտ է: Շատ-շատերը չեն իմանում, եւ դատարանները վերցնում են նման հայցեր», - վստահեցնում է Սաֆարյանը:

Փաստաբանի խոսքով` քիչ չեն արդեն հղի անչափահասների ամուսնությունների գրանցման դեպքերը, սակայն քիչ չեն նաեւ հղի չափահասների ամուսնությունը չգրանցելու փաստերը` մի կողմի անհամաձայնության պատճառով, ինչը եւս Սաֆարյանը համարում է հղի կնոջ իրավունքների ոտնահարում. - «Հայրը շատ հաճախ հրաժարվում է քաղաքացիական կացության մարմիններում նախապես գրանցել ամուսնությունը, եւ հետո կնոջն ինչ-որ մեկն անհաջող խորհուրդ է տալիս, որ «ավելի լավ է` դու միայնակ մայր գրանցվիր», իբր ավելի շատ իրավունքներ ունես որպես միայնակ մայր, ավելի շատ նպաստներ կարող ես ստանալ: Դե լավ էլի, պետք չէ ամեն տեղ նվաստանալ եւ ձեռքը պարզել` կոպեկ ուզել պետությունից: Ծննդկանն ունի արժանապատվություն, ես կասեի` երկու անձի արժանապատվություն` իր եւ իր զավակի համար»:

Սաֆարյանն ուղղակի խորհուրդ է տալիս բոլոր ծննդկաններին` դիմել փաստաբաններին, ճանաչել սեփական իրավունքներն ու պարտականությունները` հետագա բոլոր գլխացավանքներից ու ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG