Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»․ «Հանենք բյուջեից ավելորդ ջիփերը, օրապահիկները, թիկնապահները»


Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպումներից հետո «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները Շիրակի մարզում առաջինը հանդիպեցին մարալիկցիների հետ։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ ելույթ ունենալը հավաքվածներին մեկ առ մեկ ձեռքով բարեւեց։ Իսկ խոսքը սկսեց, ասելով, թե հիմա ամենակարեւոր, ճակատագրական որոշման շեմին ենք։

«Վճռվում է թե՛ մեր պետության ինքնիշխանությունը, ազգի շահը եւ քաղաքացու՝ սովորական հայ մարդու ճակատագիրը։ Այս անգամ ոչ մեկը իրավունք չունի խաղ տալ մեր ընտրության, մեր ձայնի եւ մեր ճակատագրի հետ», - հայտարարեց Հովհաննիսյանը։ - «Ում էլ դուք ընտրեք՝ ես եւ «Ժառանգությունը» տեր կմնա ձեր ձայնին, բայց այս անգամ թող մարալիկցին չփնտրի ոչ մի պատճառ կամ պատրվակ, որ էլի տարան, էլի մոլար պիտի գնանք, մեր վերջը ինչ է լինելու։ Ոչ, այս անգամ ոչ թե մեր վերջը ինչ է լինելու, այլ մեր սկիզբը ինչ է լինելու, եւ սկիզբը լինելու է մայիսի 6-ը»։

«Ժառանգության» առաջնորդը հավաքվածներին կոչ արեց իրենց ձայնը տալ «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» դաշինքին՝ խոստանալով․ - «Մայիսի 7-ին ունենալու ենք նոր քաղաք, նոր մարզ եւ նոր հանրապետություն։ Փոխվելու է ամեն ինչ մեր կյանքում։ Միգուցե ոչ մի օրվա մեջ, բայց մի տարվա ընթացքում փոխվելու է մարզպետ, փոխվելու է կառավարություն, Ազգային ժողով, նախագահ։ Եվ դուք եք որոշելու»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը խոսեց մարդկանց ապրելակերպից՝ հավելելով, թե ոչ ոքի պետք չէ մեղադրել վատ կյանքի համար։ Հակոբյանն ասաց, թե եթե ընտրությունները կեղծվեն՝ իրենց թիմը առաջին շարքում է լինելու, ընտրողներին է ուղեկցելու, եւ ցույց է տալու, թե ինչ պետք է անել, որպեսզի պայքարեն ձայնին տեր կանգնելու համար։

«Ինչպես որ իշխանությունն է սպառել իր լիմիտը սխալվելու, նաեւ սպառվել է ժողովրդի՝ ներելու լիմիտը», - ասաց Հակոբյանը։

Հաջորդ հանդիպումը արթիկցիների հետ էր։ Րաֆֆի Հովհաննիսյանը Արթիկի շուկայի մոտ ավտոբուսից իջավ, ու ոտքով, ճանապարհին հանդիպած արթիկցիներին բարեւելով, հասավ հրապարակ։ Այստեղ, դիմելով արթիկցիներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ - «Մենք ասում ենք՝ հանենք կառավարությունից եւ բյուջեից ավելորդ ջիփերը, օրապահիկները, առաջին կլասի տոմսերը, թիկնապահները։ Հինգ տարի մեր ժողովրդի՝ շարքային քաղաքացու իրավունքները սպասարկեք»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը խոսեց։ Դիմելով ոչ միայն հավաքվածներին, այլեւ իրենց բնակարանների պատշգամբից հանդիպմանը հետեւողներին, Արզումանյանը ասաց․ - «Բացեք պատուհանները, մի վախեցեք, դուրս եկեք փողոցներ, որովհետեւ դուք եք ձեր ձայնի տերը։ Այցելում ենք տարբեր տարածաշրջաններ՝ հարավից-հյուսիս, արեւելքից-արեւմուտք, եւ ամենուրեք տեսնում ենք այս պաստառները․ բոլորը հավատի մասին են խոսում։ Հայաստանում ինչքան անհավատ կա այսօր ասում է՝ հավատացեք՝ փոխվելու ենք, հավատացեք՝ էլ չենք գռփելու, հավատացեք՝ էլ չենք կեղծելու։ Հավատում ենք․․․ որ անելու եք այդ ամենը։ Մենք ձեզ բոլորիդ հավատում ենք՝ ինչպես 10 տարի կեղծել եք՝ էլի կեղծելու եք, ինչպես գողացել եք՝ էլի գողանալու եք։ Դրա համար մենք չենք եկել հավատի մասին ձեզ հետ խոսելու։ Վստահեք մեզ»։

Հաջորդ հանդիպումը գյումրեցիների հետ էր։ Տեղացող ուժեղ անձրեւի պատճառով Գյումրիի Թատերական հրապարակ քիչ մարդ էր եկել։ Այստեղ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած տեղացող անձրեւին, ոտքով բավական ճանապարհ անցավ, եւ իրեն հանդիպած գյումրեցիներին բարեւելով՝ հասավ հանդիպման վայրը։ Հավաքված գյումրեցիներին դիմելով՝ «Ժառանգության» ղեկավարը նշեց․ - «Եթե դուք ուզում եք մի փոքր համեստ մեծամասնություն, համեստ իշխանություն, համեստ կառավարություն եւ նախագահություն, ուրեմն դուք պիտի ասեք՝ «Ժառանգություն», դուք եւ ձեր գործընկերները գալու եք իշխանության, բայց Գյումրին, Շիրակը ձեզ հաշվետու է պահելու։ Հաշվետու աշխատանքի, ապաստարանի, որակյալ բնակարանի, եւ ոչ ողորմության»։

Նշենք, որ Գյումրիում «Ժառանգության» հանդիպմանը հետեւում էին ԵԱՀԿ դիտորդները։

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG