Մատչելիության հղումներ

Հարձակման է ենթարկվել ՀԱԿ-ի եւս մեկ թեկնածու


Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Կարեն Թովմասյանը:

«Իմ վրա հարձակում է տեղի ունեցել Սեբաստիա փողոցի շենքերի մոտի Հանրապետական շտաբի ակտիվիստների կողմից: Ուզում էի նստել տաքսի, ասացին` էդ նամակներո՞վ եք հաղթելու, ու հայհոյանքներ… Արդեն նստել էի, դուռը փակել էի, հետեւիցս հասան, հետեւի դռնի կողմից, բացեցին իմ դուռը եւ, ծեծելով, հրելով, փխելով ձեռքիցս խլեցին Նիկոլ Փաշինյանի 25 հատ նամակ», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը պատմեց Թովմասյանը:

Նա ասաց, որ բոլորի դեմքերը հիշում է. - «Ես իրենց տեսել եմ [Հանրապետականի] շտաբից դուրս գալիս»:

«Ես դա գնահատում եմ հարձակում պատգամավորության թեկնածուի վրա` ինչպիսին ես եմ հանդիսանում, ու սա հերթական ապացույցն է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատրաստվում Հայաստանի պատմության մեջ ամենաաննախադեպ ընտրությունները անցկացնել` թեկնածուների վրա հարձակումներ գործելով»:

Կարեն Թովմասյանը երեկ դիմել է ոստիկանություն: «Ազատություն» ռադիոկայանին ոստիկանությունից փոխանցեցին, որ Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցածի առնչությամբ, արդեն իսկ ճշտվել է, թե ովքեր են ովքեր են թեկնածուի ձեռքից խլել քարոզչական նամակները, այդ անձանց ինքնությունը հայտնի է, եւ նրանք հրավիրվել են ոստիկանության բաժին: Ձերբակալվածներ չկան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG