Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեսնելու մե՛կ ճանապարհ կա»


Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը տեսնելու համար պաշտոնական Բաքուն ունի միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում անկախ Ղարաբաղի հետ, այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` երեկ իր կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարությունը, թե, մասնավորապես, «կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում», Շարմազանովը իր տարածած հայտարարությունում ասել է. - «Առաջին` Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը եւ ռազմական հռետորաբանությունը: Երկրորդ` իր հասարակությանը պատրաստի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Երրորդ, եթե Ալիեւ կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետության հետ, որի արդյունքում Բաքվի ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարեւան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը»:

«Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արեւելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG