Մատչելիության հղումներ

Դիտորդական ՀԿ-ները խախտումներ են արձանագրում


Ընտրական գործընթացներին հետեւող կազմակերպությունները արձանագում են, որ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են բարեգործներն ու բարեգործությունները:

Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզչության շրջանում արգելում է բարեգործությունները: Համաձայն օրենքի՝ բարեգործություն կարող են անել միմիայն բարեգործական կազմակերպությունները: «Դրանց շարքում կուսակցությունները չկան, դրանք քաղաքական, բայց ոչ բարեգործական գործունեություն ծավալող կառույցներ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ընտրական օրենսգրքի դրույթները դիտորդներին դասավանդող, իրավաբան Կարեն Թումանյանը:

«Կուսակցությունները բարեգործություն կատարելու սուբյեկտներ չեն, սա կարելի է որակել որպես անօրինական գործունեություն», - հավելեց իրավաբանը:

Մինչդեռ ընտրական գործընթացները դիտարկելու երկարամյա փորձ ունեցող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ կուսակցություններ ակտիվորեն սկսել են նաեւ բարեգործությամբ զբաղվել:

«Բարեգործությունների հետ կապված նշում ենք, ասենք, «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցություններին, որոնք, ասենք, մարտի 8-ին նվերներ են բաժանում», - երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը:

Համբարձումյանը ընտրակաշառք է համարում քաղաքական ուժերի կողմից տարբեր բարեգործական ակցիաները, օրինակ, մուրաբա, օղի, պարարտանյութ բաժանելը, անվճար ավտոբուսներ տրամադրելը եւ այլն:

Որոշ կուսակցություններ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան»-ը, բարեգործություն է ծավալում իր առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի անվամբ ստեղծված հիմնադրամի միջոցով: Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզարշավի ընթացքում այս հիմնադրամին արգելում է բարեգործություն կատարել, ասում է իրավաբան Թումանյանը: Նա վկայակոչում է օրենսգրքի այն դրույթը, ըստ որի նախընտրական քարոզչության ժամանակ արգելվում է նաեւ բարեգործություններ կատարել այն կազմակերպություններին, որոնց անվանումը կարող է ասոցացվել թեկնածուներից, կուսակցություններից մեկի ղեկավարի անվան հետ (նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին):

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն այն սակավաթիվ կուսակցություններից է, որ բարեգործությամբ չի զբաղվում:

«Անհատ հանրապետականներ, ովքեր ունեն համապատասխան հիմանդրամներ, կարող են այդ հիմնադրամների միջոցով օրենքի դաշտում իրականացնել բարեգործություն: Իսկ Հանրապետականը այն քիչ քաղաքական կուսակցություններից է, որը իրական քաղաքական կուսակցություն է, եւ ոչ թե բարեգործական հիմնադրամ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությություն», - ասաց Շարմազանովը:

Շարմազանովն ասում է նաեւ, որ իրենց կուսակցության անունից ընտրողների շրջանում հարցումներ կատարելը` ճշտելու, թե որ ուժին են որոշել ընտրել, եւս օրենքից դուրս չէ:

«Այն բոլոր առաջարկությունները, միջնորդությունները, խոստումները, որոնք չեն բխում մեր օրենսդրությունից, դրանք պետք է պատժվեն: Դրա համար կա իրավապահ համակարգ, ոստիկանություն, կա ոստիկանապետ, որը շատ հստակ իր տեղում է, եւ հավատում եմ, որ ոստիկանությունը այսօր, ավելին քան երբեւէ կարող է իրականացնել իր վրա դրված պարտականությունները», - ասաց նա:

Մինչդեռ դիտորդական կազմակերպությունները, դեռեւս անուններ չհրապարակելով, արձանագրում են, որ քաղաքական ուժերը խախտում են Ընտրական օրենսգիրքը: Երեւանի գրեթե բոլոր թաղամասերում իշխող կուսակցությունների անունից բնակիչների տներ են այցելում մարդիկ ու հարցնում, թե ում են ընտրելու: Նրանք նաեւ հորդորում են ընտրել իրենց մատնանշած քաղաքական ուժին, ցուցակագրում պոտենցիալ ընտրողին` նշելով նաեւ անձնագրային տվյալները:

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG