Մատչելիության հղումներ

Ընտրությունների կապակցությամբ դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Այդ մասին գլխավոր դատախազը հայտնել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակության հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ։

10 դատախազի ընդգրկող խմբի գործունեության համակարգումը կիրականացնի լխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները», - նշել է Հովսեփյանը՝ ավելացնելով. - «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը պատշաճ քննության առարկա կդառնա»:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` տեղեկացնելով, որ ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցակազմ, գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ ստեղծված մեխանիզմը հնարավորություն կտա, որպեսզի ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները դառնան պատշաճ քննարկման առարկա:

«Ստացված հաղորդումների եւ քննարկման ընթացքի, արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի դատախազության ինտերնետային էջում, ինչը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ անձանց հետեւել ստացված բողոքների քննարկման ընթացքին եւ բարձրաձայնել, եթե որեւէ հաղորդում չգրանցվի եւ չդառնա իրավապահ մարմինների քննարկման առարկա», - ասել է Աղվան Հովսեփյանը:

Ռադմիլա Շեկերինսկան, իր հերթին, կարեւորել է ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումը։ Նա հույս է հայտնել, որ գլխավոր դատախազությունում ներդրված փորձը իրոք կապահովի ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքների պատշաճ արձագանքը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG