Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից


Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանեց իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով Երեւանի թիվ 7 ընտրատարածքում անցկացվելիք պատգամավորի ընտրություններից։

Ինչպես կեսօրից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը, Հովհաննիսյանը արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել հանձնաժողովին։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը թիվ 7 ընտրատարածքից իր թեկնածությունը հանելու որոշման մասին հայտնեց երկուշաբթի առավոտյան` ի պատասխան լրագրողների հարցերի։

«Որպեսզի մենք էլ տեսնենք, որ կյանքում եւ քաղաքականությունում պետք չէ լինի ուշ կամ կանուխ, կամ երբեք ուշ պետք չէ, որ լինի, ես որոշել եմ այսօր իմ թեկնածությունը հանել Երեւանի 7-րդ ընտրատարածքի պայքարից եւ միաժամանակ մաղթանք կատարել` մաղթանք այն բանի համար, որ մեզ մոտ պակասում է», - ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջողություններ` իշխանական բոլոր թեկնածուներին, մաղթում եմ ամենայն բարիք եւ հաղթանակներ` ընդդիմադիր բոլոր թեկնածուներին։ Հետայսու «Ժառանգություն»-ը կգնա մեծամասնական պայքարի 7 թեկնածուներով»։

Հիշյալ ընտրատարածքում առաջադրված են նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Անցած շաբաթ Հովհաննիսյանը հայտարարել էր հօգուտ Փաշինյանի իր թեկնածությունը հանելու պատրաստակամության մասին։

Երկուշաբթի օրը Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած լսումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ «Ժառանգություն»-ը ՀՅ Դաշնակցությանը եւ Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) առաջարկել է ընդհանուր համաձայնության գալ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում միասնական ընդդիմադիր թեկնածուի պաշտպանելու վերաբերյալ։

Ըստ նրա` Դաշնակցությունը այս առաջարկը համարել է ժամանակավրեպ։

Հանդիպում է եղել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի հետ եւ առաջարկվել է, մասնավորապես, որ 21 ընտրատարածքներում միասնաբար զորակցեն ՀԱԿ-ի թեկնածուին, 7 ընտրատարածքներում` «Ժառանգության» թեկնածուին, մնացած 13-ում` Դաշնակցության թեկնածուին։ Առաջարկը, սակայն, մերժվել է։

«Ցավում եմ դրա համար, որովհետեւ ես կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ հանրային, հասարակական դաշտում վերջին շրջանում ընդդիմադիր պահվածքի հետագծի բնութագրական ախտանիշն է։ Ես հասկանում եմ, որ ամեն մեկը ունի ամբիցիաներ, ամեն մեկը ունի ինքնասիրություն, ծառայելու հնարավորությունը յուրացնելու մղում, բայց ցավում են այդ մերժման համար», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։

Անդրադառնալով ներկուսակցական տարաձայնությունների եւ աղմկոտ քննարկումների տեղիք տված «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակին` Հովհաննիսյանը հայտարարեց, որ «եթե իրեն մնար, ապա ցուցակը անցյալ ընտրությունների հանգույն կունենար ավելի մեծ հասարակական ներկայացվածություն»:

«Ես կլինեի 21-րդ տեղում, եւ այստեղ ներկա եւ բացակա մտավորականներ կունենային իրենց բարձր ներկայացվածությունը այդ ցուցակում: Բայց, ցավոք սրտի, մենք մտանք շատ գործնական, քաղաքական հաշվարկների դաշտ», - ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդն ասաց` այժմ իրենք պետք է մեծ հպարտությամբ ներկայանան հասարակությանը` որպես միասնական մի թիմ, որտեղ այլեւս չկա «Ժառանգություն» կամ «Ազատ դեմոկրատներ» կամ հասարակական հատված:

Հովհաննիսյանի խոսքով` թեեւ Հայաստանում առկա է խոսքի եւ գործի, խոստման եւ իրականության հսկա անջրպետ, այդուամենայնիվ, ինքն ակնկալում է ազատ ընտրություններ:

«Ես ակնկալում եմ այդ ազատ ընտրությունները` ի հեճուկս մեզ եւ մեր հետագծին, եւ այդ դեպքում «Ժառանգություն»-ը կկրկնի հինգ տարի առաջ վաստակած իր ցուցանիշները` թե Երեւանում` լինելով առաջատարը, թե Հայաստանի ողջ տարածքով` լինելով նվազագույնը առաջին եռյակում», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG