Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կոչ արեց ընտրատարածքներում մեկ ընդդիմադիր թեկնածու թողնել


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանել սեփական թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, եթե ընդդիմադիր ուժերի միջեւ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվի 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում հանդես գալ մեկ ընդդիմադիր թեկնածուով` անկախ նրանից, թե որ կուսակցությունից կլինի այդ թեկնածուն:

«Ժառանգության» ղեկավարի փոխանցմամբ, երեկ, երբ առաջադրում էր իր թեկնածությունը Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, ինքը չգիտեր, որ նշված ընտրատարածքում արդեն իսկ առաջադրվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս անձամբ անցյալ կիրակի օրը «Ժառանգության» խորհրդի նիստից հետո, երբ կուսակցությունը որոշեց համամասնական եւ մեծամասնական մեր թեկնածուներ, հետեւելով օրախնդիր զարգացումներին, սպասում էի մինչեւ վերջին օրը՝ հասկանալու համար, թե այդ որ ընտրատարածքն է, որը պիտի մնա անայլընտրանք: Եվ ես իմ վրա վերցրեցի՝ չիմանալով, թե էլ ով էր դնելու թեկնածությունը», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց Հովհաննիսյանը:

Հինգշաբթի երեկոյան պարզ դարձավ, որ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանից բացի, ով առաջադրվել է նաեւ իշխող Հանրապետականի համամասնական ցուցակով, իրենց թեկնածությունն են առաջադրել Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես երեկ առավոտ զարթնեցի, մտա համացանց, հայտնի գրազի նախադասությունը կարդացի, ինչպես շատերը՝ այն, որ անայլընտրանքի վտանգ կար, եւ ճիշտն ասած, ուզեցի ինքնառաջադրվել հենց այնտեղ, որտեղ ռիսկը մեծ է, որտեղ ճակատագրապաշտությունը դարձել է տիեզերական», - ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, լրատվամիջոցները երեկ գրեցին, թե Ալեքսանյանը լրագրողներին առաջարկել է գրազ գալ, որ որեւէ մեկը իր դեմ չի առաջադրվի Երեւանի թիվ 7 ընտրատարածքում:

Նիկոլ Փաշինյանն առայժմ մեկնաբանություններով հանդես չի գալիս: Նրա երեկ տարածած հայտարարությունում կարդում ենք. - «Ոչ այնքան ուզում եմ պատգամավոր ընտրվել այս ընտրատարածքից, որքան պատգամավոր ընտրելու հնարավորություն ստեղծել Քաղաքացու համար: Թեեւ այս ընտրատարածքի մանդատով մարդ կա խորհրդարանում, բայց ընտրողները չունեն պատգամավոր: Դեռ մինչեւ մի քանի ժամ առաջ թիվ 7 ընտրատարածքի ընտրապայքարի ֆավորիտ համարվող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը վերջին հինգ տարին անց է կացրել խորհրդարանում` որպես նույն ընտրատարածքի պատգամավոր` ու ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի տվել կառավարությանը»:

Փաշինյանն այնուհետեւ հավելում է, թե իր համար «կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը [եւ] շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ»:

Իսկ Սամվել Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. - «Ես մի բան գիտեմ, որ հաղթելու եմ, մնացածը դու գիտես, ես ոչ մեկի մասին չեմ կարա բան ասեմ: Ընտրությունները կլինեն, վերջում կերեւա, ես ոչ մեկին չեմ վախում»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրատարածքներից յուրաքանչուրում մեկ ընդդիմադիր մեծամասնական թեկնածուով հանդես գալու կոչին, ապա նա հետեւյալ կերպ պարզաբանեց իր առաջարկը. - «Ժամը հնչել է, որ նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում` կուսակցություններ, դաշինք, ինքնառաջադրված թեկնածուներ, նստեն մեկ սեղանի շուրջ, քանի ուշ չէ. ողջամիտ, շրջահայաց եղանակով այնպիսի համալիր մեթադաբանությամբ առաջ գնանք, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա ընդդիմադիր մեկ միասնական թեկնածու»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Ժառանգության» առաջնորդը, փաստորեն, հաստատեց այն տեղեկությունը, որ առաջարկության հետ կապված արդեն իսկ քննարկումներ եղել են Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի հետ, սակայն դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե առայժմ ասելիք չկա, իսկ խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը նշեց, թե իհարկե, որոշումը կկայացնեն կուսակցությունների ղեկավար մարմինները, սակայն իրենք պետք է իմանան, թե տվյալ թեկնածուի դիրքորոշումներն արդյո՞ք չեն հակասում Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումներին:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG