Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության նոր օրինագիծ ԱՄՆ-ի Սենատում


Ռոբերտ Մենենդեսը Սենատի նիստի ժամանակ, արխիվային լուսանկար
Ռոբերտ Մենենդեսը Սենատի նիստի ժամանակ, արխիվային լուսանկար
Ամերիկացի սենատորները ապրիլի 24-ի նախաշեմին կրկին փորձում են շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը: Այս անգամ որպես բանաձեւի համահեղինակներ հանդես են գալիս Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու Իլինոյսը ներկայացնող հանրապետական Մարկ Քըրքը:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի փոխանցմամբ` երկու սենատորներն այժմ զբաղված են իրենց մյուս գործընկերների ստորագրությունները հավաքելով: Այդ գործընթացի ավարտին Մենենդեսն ու Քըրքը պատրաստվում են նախագիծն ուղարկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախագահության նախկին դեմոկրատ թեկնածու Ջոն Քերիին, որը եւս ժամանակին հստակորեն արտահայտվել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:

Ամերիկացի սենատորները բանաձեւի այս նախագծում 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակում են որպես Ցեղասպանություն` նշելով, որ այդ իրադարձություների արդյունքում տեղահանված 2 միլիոն հայերից մեկուկես միլիոնը զոհվել են:

«Միացյալ Նահանգների Սենատը կոչ է անում նախագահին, որպեսզի նրա քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանությունների հանդեպ ամերիկյան քաղաքականության ողջ էությունը` անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին եւ ըմբռնելով նման բանաձեւը չընդունելու բացասական հետեւանքները», - նշված է Ռոբերտ Մենենդեսի եւ Մարկ Քըրքի պատրաստած օրինագծում:

Բանաձեւի նախագծում նաեւ ասված է. - «Սենատը կոչ է անում նախագահին` ապրիլքսանչորսյան իր ուղերձում մեկուկես միլիոն հայերի սպանությունը հստակորեն բնութագրել որպես Ցեղասպանություն»:

«Մենք բարձր ենք գնահատում սենատորներ Մենենդեսի եւ Քըրքի ջանքերը, որոնց նպատակն է մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող այս խնդրում Միացյալ Նահանգներին դնել ճիշտ ուղու վրա», - հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, այս բանաձեւը Թուրքիայի` այլ երկրներին լռեցնելուն ուղղված քաղաքականությանը հակազդեցության առումով շատ կարեւոր է:

«Որեւէ պետություն` թշնամի թե դաշնակից, իրավունք չունի Միացյալ Նահանգների համար վետոներ սահմանել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներում», - նշել է ամերիկահայ գործիչը:

Նոր բանաձեւի երկու հեղինակներն էլ երկար տարիներ շարունակ հայտնի են հայկական խնդիրներին իրենց ներգրավվածությամբ:

Դեմոկրատ Մենենդեսը 2006-ի մայիսին արգելափակեց Ռիչարդ Հոգլանդի` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակումը, պատճառաբանելով դա այն իրողությամբ, որ Սպիտակ տան այն ժամանակվա հանրապետական վարչակազմը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Երեւանից հետ կանչեց դեսպան Ջոն Էվանսին, որը 2005-ին ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ 20-րդ դարասկզբի իրադարձությունները Ցեղասպանություն էր անվանել։

2010-ին արդեն Մենենդեսն արգելափակեց Մեթյու Բրայզայի նշանակումը Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում` պատճառաբանելով դա դիվանագետի «ադրբեջանամետ ու թուրքամետ կեցվածքով»:

Ինչ վերաբերում է Մարկ Քըրքին, ապա նա Սենատի համեմատաբար նոր անդամներից է: Մինչեւ 2010 թվականի աշնանը Սենատի անդամ դառնալը Քըրքը Ներկայացուցիչների տան Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG