Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվում է Կանանց միջազգային տոնը


Հայաստանում, ինչպես եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այսօր նշվում է Կանանց միջազգային օրը:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, ասված է. - «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի եւ հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները: Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց եւ քույրերի նկատմամբ»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը իր շնորհավորական ուղերձում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, գրել է. - «Այսօր բերկրում են մեր հոգիները, քանզի մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին եւ գնահատում նրանց բարեբեր ավանդը ընտանեկան կյանքում, պետական-հասարակական կյանքի ասպարեզներում: Տերունապարգեւ իրենց կոչմանը հավատարիմ` կանայք ամբողջանվեր նախանձախնդրությամբ ծառայում են մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը, մասնակից են մեր ժողովրդի հաղթանակների կայացմանը, մեր ազգային ու հոգեւոր վերազարթոնքին»:

Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը Կանանց միջազգային օր է հռչակել 1977 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG