Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ղարաբաղի խնդիրը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը»


«Կա պատճառ, որը մեր տարածաշրջանին խանգարում է զարգանալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում անցկացվող` Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների «ուղեղային կենտրոնների» համաժողովում իր ելույթում Մամեդյարովը կրկին հիշեցրել է Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ խոսել «երկակի չափանիշների» մասին. - «Մինչ այդ 4 բանաձեւերը մինչ այժմ չկատարված են մնում, մյուս բանաձեւերը կատարվում են»։

Ներկայացնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը` Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե «ցավոք, բանակցություններում առաջընթաց այդպես էլ ձեռք չի բերվել»։ Պատճառը, ըստ նրա, «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է», որը նպատակ ունի պահպանել ստատուս քվոն տարածաշրջանում։

Մամեդյարովը ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ վստահեցրել, թե պաշտոնական Բաքուն հանդես է գալիս կողմերի միջեւ վստահության միջոցառումների օգտին։

«Ես հասկանում եմ, որ երբ սկսվում են ընտրություններ, երբեմն դժվար է բանակցություններ վարել։ Ընտրություններ են մոտենում Հայաստանում։ Հեշտ չի լինելու, սակայն մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր հնարավորությունները` չձգձգելու համար խաղաղ բանակցությունները եւ համաձայնության ձեռք բերումը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` նաեւ շնորհակալություն հայտնելով իսլամական աշխարհի պետություններին Ղարաբաղի հարցում աջակցության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG