Մատչելիության հղումներ

Գյուղապետերը դժգոհ են հարկային զիջումների նախաձեռնությունից


Շիրակի մարզի մի շարք գյուղապետեր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում բացասական արտահայտվեցին օրենսդրական այն նախաձեռնության վերաբերյալ, որով նախատեսվում է զրոյացնել գյուղացիների 12 տարվա հողի հարկի եւ գույքահարկի պարտքերը:

Հիշեցնենք, կառավարությունը անցած շաբաթ հավանություն տվեց Ազգային ժողովի մի շարք Հանրապետական պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է զրոյացնել 1996-2008 թվականն ընկած ժամանակահատվածում գյուղացիների կուտակած հողի եւ գույքահարկի պարտքն ամբողջությամբ: Խոսքը մոտ 43 միլիարդ դրամ հարկային զիջումների մասին է:
Կառավարության այս ձեռնարկը դեռ պետք է Ազգային ժողովը հաստատի: Այսօր այն բավականին բուռն քննարկումների տեղիք տվեց ԱԺ-ում: Որոշ պատգամավորներ այն որակեցին որպես ընտրակաշառք:

Շիրակի մարզի Ազատան համայնքում մոտ 55-60 միլիոն ապառք կա կուտակված: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը ասում է, որ կառավարության այս որոշումը հարվածում է գյուղին, քանի որ տեղական բյուջեները հողի հարկից ու գույքահարկից են հիմնականում գոյանում: Գյուղապետի խոսքով` ստացվում է, որ այս զիջումը կատարվում է տեղական բյուջեների հաշվին, եւ այն հետագայում խնդիրներ կառաջացնի:

«Ես չեմ կարծում, որ այսօր մեր պետության բյուջեն ի վիճակի է ինչքան որ զիջում է, այդքան կոմպենսացնել տեղական բյուջներին, որպեսզի համայնքները կարողանան ինչ-որ հարցեր լուծել բյուջեի միջոցով», - ասաց Իկիլիկյանը:

Իկիլիկյանը կարծում է` որոշումը սխալ է նաեւ այն պատճառով, որ այն գյուղացիների մեջ անհավասար պայմաններ է ստեղծել: Պարտաճանաչ հարկատուները սկսել են գյուղապետից ետ պահանջել վճարած հարկերը:

«Կամ մուծածը ետ են պահանջում կամ ասում են` գալիք հինգ տարվա համար էլ թող մեզ կոմպենսացնեն, գիտենանք, որ մեր մասին են էլ մտածում», - ասաց Իկիլիկյանը:

Ազատանի գյուղապետը նաեւ ասաց, որ գյուղացիները հարկային զիջումների մասին լսելուց հետո դադարել են վճարել:

Հողի հարկի եւ գույքահարկի պարտք ունեցող ազատանցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում այս նախաձեռնությունը դրական գնահատեցին` միաժամանակ անմիջական կապ տեսնելով առաջիկա ընտրությունների հետ:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG