Մատչելիության հղումներ

Հողի եւ գույքահարկի պարտքերը կարող են զրոյացվել


Կառավարությունն այսօր հավանություն տվեց Ազգային ժողովի մի շարք ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ամբողջությամբ զրոյացանել 1996-ից մինչեւ 2008-ի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:

Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ով նիստում ներկայացնում էր հարցը, մանրամասնեց, թե խոսքը մոտավորապես 30 միլիարդ դրամի մասին է:

Սակայն սա ամբողջը չէ: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, այն մարդիկ, ովքեր կվճարեն 2008, 2009 եւ 2010 թվականին կուտակված հողի հարկի ու գույքահարկի գծով պարտքերը, կազատվեն այդ պարտքերի չվճարման համար գոյացած տույժերի ու տուգանքների վճարումից:

Այսինքն, նշված երեք տարիներին հողի հարկի ու գույքահարկի գծով պարտքը մարելու դեպքում (խոսքը բուն պարտքի կամ, այսպես ասած, մայր գումարի մասին է) քաղաքացին կազատվի հարկի չվճարման համար առաջացած տույժերի ու տուրգանքների վճարումից:

Նշենք, որ այս արտոնությունները չեն տարածվի խոշոր պարտքերի վրա` հողի հարկերը եւ գույքահարկերը եւ դրանց մասով հաշվարկված տույժերը եւ տուգանքները չպետք է գերազանցեն 2 միլիոն դրամը, իսկ փոխադրամիջոցների դեպքում` 1 միլիոն դրամը:

«Փաստորեն սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է: Հանրապետական կուսակցության ֆրակցիան է առաջ քաշել այս հարցը: Եվ մեր մարզային այցելություններն էլ ցույց են տալիս, որ մեր գյուղացիները մշտապես բարձրացնում են այս հարցը», - կառավարության նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Եվ այսօր պետությունը այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով` շուրջ 43 միլիարդ դրամի` տույժ-տուգանքներով, մայր գումարով, մենք փաստորեն զիջում ենք այս հարկերը գյուղատնտեսության ոլորտում: Կարծում եմ, ինքը իր մեջ պարունակելու է նաեւ նոր ներուժ` տնտեսական աճը խթանելու, որովհետեւ հարկային բեռը գյուղատնտեսության վրա էապես արդյունքում նվազելու է»:

«Սա նշանակում է մի բան` կառավարությունը կամ համայնքի ղեկավարությունը կամ հարկային մարմինը այլեւս գյուղացուն չի անհանգստացնի որեւէ ձեւով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սամվել Ավագյանը` հավելելով, որ իշխանությունների այս նախաձեռնությունը շոշափելի օժանդություոն կլինի գյուցիական տնտեսությունների համար, որոնցից շատերը տնտեսական ճգնաժամից հետո չեն հասցրել ոտքի կանգնել:

Տնտեսագետը նաեւ ասաց, թե հարկային պարտքերի զրոյացումը շատ գյուղացիների հնարավորություն կտա դիմել բանկերին` վարկ ստանալու համար, ինչը նախկինում եթե ոչ անհնարին, ապա դժվար կլիներ, քանի որ բանկում տեսնելով, որ տվյալ գյուղացին ունի հարկային պարտք, կարող էին ուղղակի մերժել:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, մինչդեռ, իշխանությունները որոշել են զրոյացնել վերոհիշյալ հարկային պարտավորությունները, որովհետեւ իրավական տեսանկյունից նրանք այլեւս չէին կարող գանձել նշված հարկերը եւ առաջացած տույժերը, քանի որ գոյություն ունի հայցային վաղեմության ժամկետ:

«Եթե այն կողմը` պարտքի տերը, ժամանակին չի դիմել դատարան, ապա հայցային վաղեմությունը սահմանվում է երեք տարի ժամկետով: Եթե դուք տվյալ դեպքում պարտք ունեք եւ ձեր պարտքը 10 տարվա է, ապա դուք իրավունք ունեք դատարանին միջնորդեք, որպեսզի դատարանը կիրառի հայցային վաղեմություն եւ պարտքի միայն վերջին երեք տարվա գումարը ձեզանից բռնագանձեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Փոստանջյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG