Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլին» մասնակցելու պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է հստակ տեղեկություն չտրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին, թե` ոչ: «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ իրենք ավելի ուշ կհայտնեն իրենց պաշտոնական դիրքորոշումը:

Երեկ ուշ երեկոյան համացանցում տարածվեց մի հաղորդագրություն, որում մի խումբ հայ երգիչներ հայտարարում էին, որ հրաժարվում են մասնակցել «Եվրատեսիլ»-ին:

«Ադրբեջանը չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրների կոչը` քաշել դիպուկահարներին շփման գծից, ու ցանկացած առիթ օգտագործում է արյուն հեղելու համար, որի վերջին վկայություններից է փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցը, որից զոհվել է Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը», - իրենց բոյկոտի պատճառն այսպես են բացատրում երգիչները:

Եվրոպական հեռարձակողների միության 2012 թվականի «Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքների գծով ղեկավար Սիթսե Բաքերը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ երգիչների բոյկոտին իրենք մամուլից են տեղեկացել:

«Մենք նաեւ տեղյակ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող լարվածության մասին: Եթե կան կատարողներ, ովքեր չեն ցանկանում մասնակցել եւ ներկայացնել Հայաստանը, դա իրենց ազատ ընտրության իրավունքն է, կարող են այդպիսի կարծիք ունենալ եւ նման հայտարարություններ անել եւ տարածել: Բայց ես պետք է ասեմ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է կայացնի վերջնական որոշումը: Նրանք ունեն վերջնաժամկետ պատասխան տալու համար, դա մարտի 19-ն է, երբ մենք պետք է ունենանք մասնակից բոլոր 43 պետությունների պատասխանները, իսկ մինչ այդ մենք սա համարում ենք երկրի ներքին գործը», - ասաց Բաքերը:

Բաքվի «Եվրատեսիլ»-ի բոյկոտի հայտարարության տակ ստորագրողների թվում են երգիչներ Հայկոն, Էմմին, Նունե Եսայանը, Եվա Ռիվասը եւ այլք: Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հանրային հեռուստաընկերությանը մասնակցությունից հրաժարվելու կոչի միտքն իրենն է եղել:

«Սա ոչ թե նախաձեռնություն է, այլ ես ուղղակի իմ միտքն էի ասում, որքանով որ ես իրավունք ունեմ իմ միտքը արտահայտելու: Դե, երեւի ունեմ, որ կողքս արդեն այսքան երգիչներ են կանգնած: Երբ երգիչը կամ երգչուհին հասկանա, որ հենց ինքը քաղաքացի է, այդ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը հաստատ կզգա, որ սա քաղաքացու պահանջ է, երգիչ-քաղաքացու պահանջ է: Ի՞նչ պետք է տա մասնակցությունը, ասենք, երկու դրոշ ծածանվի՞… ճիշտ տեղում այդ դրոշները ծածանվում են, Քելբաջարում ծածանվում է, Արցախում ծածանվում է», - ասաց Գրիգորյանը:

«Եվրատեսիլ»-ի բոյկոտի մասին հայտարարությունից անտեղյակ է եղել «Դորիանս» ռոք խումբը, որը Բաքու մեկնելու ամենահավանական թեկնածուների շարքում է: Խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ խումբը երեկվա հայտարարության հետ կապ չունի, եւ որպես բոյկոտի պատճառ սպանված զինվորին եւ սպային նշողները պետք է այդ ողբերգական փաստերին «Եվրատեսիլ»-ից շատ ավելի շուտ անդրադառնային:

«Ես կարծում եմ, որ դա շատ ավելի շատ տգեղ է եւ շատ վատ է, որ մենք դրա մասին խոսում ենք, որովհետեւ կա «Եվրատեսիլ»: Դա շատ վատ է, որովհետեւ մենք դրա մասին պետք է շատ վաղուց խոսեինք, դա շատ վաղուցվանից է տեղի ունենում», - ասաց Գեւորգյանը:

Արթուր Գրիգորյանն ասում է` ինքը անցյալ տարվանից է դեմ եղել Բաքվում Հայաստանի մասնակցությանը, սակայն պատասխան տալու պահը հիմա է եկել, եւ ինքը պարզապես արտահայտում է իր դիրքորոշումը: Նրա խոսքով` այսօր ամբողջ օրվա ընթացքում տարբեր կատարողներ զանգահարել եւ ցանկություն են հայտնել միանալ բոյկոտին: Ցուցակում վերջին ընդգրկվածը Արսեն Սաֆարյանն էր: Երգչուհի Սոնա Շահգելդյանն էլ «Ազատություն» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսուհետ ինքը նույնպես դեմ է Բաքվում ելույթ ունենալուն: Սակայն «Դորիանս»-ի պրոդյուսերն ասում է` դա երգիչների որոշելիք հարցը չէ, պատասխան պետք է տա Հանրային հեռուստաընկերությունը:

«Մասնակցել, թե` ոչ, դա մեր որոշումը չէ, դա երկրի որոշումն է, մենք պարզապես պետք է նստենք եւ սպասենք, թե այդ մարդիկ ինչ կորոշեն», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG