Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը եւ Փաստաբանների պալատը կհամագործակցեն


Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը այսօր ոստիկանության եւ փաստաբանների պալատի միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության` «հուշագիրը կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման եւ պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով»:

Ռուբեն Սահակյանը նշել է, որ համագործակցությունը հնարավորություն կտա արագ արձագանքել իրավունքների սահմանափակումներին եւ վերացնել դրանք: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր հերթին նշել է, որ փոխգործակցությունը բերելու է ոստիկանության գործունեության որակական փոփոխության:

Հուշագրով նախատեսված են նորմատիվ իրավական ակտերի համատեղ մշակում ու ներկայացում իրավասու մարմիններին, արագ արձագանքման միջոցառումներ, վարքագծի կանոնների ապահովում, սեմինարներ, քննարկումներ, գրականության փոխանակում, դիտորդական առաքելության իրականացում: Համագործակցությունն իրականացնելու նպատակով գործելու է վեց անդամից բաղկացած հանձնախումբ, որը կատարված աշխատանքի մասին կես տարին մեկ հաշվետվություն կներկայացնի Փաստաբանների պալատի նախագահին եւ ոստիկանության պետին:

Հանձնախումբը, ըստ հաղորդագրության, իրավասու է նաեւ անհրաժեշտության դեպքում հասարակության առջեւ հանդես գալու հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG