Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» մարտին կհստակեցնի իր մասնակցության ձեւաչափը ընտրություններին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 2-ին համագումար է հրավիրելու, որտեղ, ինչպես ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, պարզ կդառնա մայիսին կայանալիք ընտրություններում «Ժառանգության» «մասնակցության հարցը, ձեւերն ու չափերը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք մեծ է հավանականությունը, որ «Ժառանգությունը» նախընտրական դաշինք կազմի նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, Հովհաննիսյանն ասաց, թե առայժմ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:

«Դա մենք քննարկում ենք մեր ներսում: Այս ամսվա ընթացքում դա կանենք եւ մարտի 2-ին կգանք հանրագումարային եզրակացության, եւ դա մենք անում ենք մեր գործընկերների` «Ազատ դեմոկրատների» հետ: Ներկա դրությամբ չեմ կարող ասել, որ հավանական է դաշինքը, թե` ոչ, բայց մենք հակված ենք մեծ լուծումների», - ասաց «Ժառանգության» ղեկավարը:

Հարցին` եթե այդ քննարկումները որեւէ արդյունքի չբերեն, եւ «Ժառանգություն»-ը միայնակ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա արդյո՞ք կուսակցությանը կհաջողվի հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ հինգ տոկոսանոց շեմը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ժառանգություն»-ը որեւէ խնդիր չունի հաջորդ գումարման Ազգային ժողովում վերստին ներկայանալու եւ նաեւ ընդարձակելու իր ներկայությունը, եթե հենց հիմիկվանից այս երեք ամիսների ընթացքում իր համեստ միջոցներով տանի միանվագ, առանձին պայքար այդ տեղերի համար: Եթե դա է մեր առջեւ դրված նպատակը, մենք կհասնեք այդ նպատակին եւ կներկայանանք նոր Ազգային ժողովում: Մենք կարծում ենք, որ Հայաստան պետության եւ մեր ժողովրդի առջեւ դրված են ավելի բարձր խնդիրներ, որի լուծման համար անհրաժեշտ է ուժերի համատեղում, ռեսուրսների, պաշարների միատեղում: Մենք ուզում ենք հավատալ եւ հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին եւ այս անգամ այս մի տարվա ընթացքում «Ժառանգություն»-ը պարտավոր է մաս կազմել այդ համակարգափոխական շարժմանը թե' Ազգային ժողովում, թե' հրապարակում»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով է «Ժառանգությունը» կազմելու իր համամասնական ցուցակը եւ ովքե՞ր են առաջին հորիզոնականներում տեղ զբաղեցնելու, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թեեւ ընտրությունները շատ մոտ են, բայց ցուցակի հարցը «Ժառանգությունը» առայժմ չի քննարկել:

«Ցուցակների մասին որեւէ քննարկում տեղի չի ունեցել ոչ «ժառանգության» ներսում, ոչ էլ ուրիշների հետ: Մեր թե ներկուսակցական, թե միջկուսակցական քննարկումները եղել են սոսկ սկզբունքների շուրջ: Ես ինքս հավակնություն չունեմ առաջին կամ ցանկացած այլ համարի, եւ եթե խնդիրը հասնի նրան, որ այդ մեկ մնացյալ, անցողիկ տեղի համար պետք է պայքարեն ինձ հետ, ես պատրաստ եմ զիջել դա իրենց, որովհետեւ ես ուզում եմ, որ նոր սերունդ զարգանա, եւ ինչպես «Ժառանգությունը» արեց 2007 թվականին` հաղթական, միասնական ցուցակ առաջ բերելու համար, պատրաստ է ինքը կատարել առավելագույն փոխզիջումներ, որպեսզի կայանա այդ համատեղ, հաղթական մոտեցումը», - ասաց նա:

Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հավանականությանն անդրադառնալով` Հովհաննիսյանն ասաց, թե ինքը պահեստային թեկնածու է եւ այդ պաշտոնում կցանկանար տեսնել նոր դեմք:

Հովհաննիսյանը խոսեց նաեւ Ազգային ժողովում փետրվարի 15-ին կայանալիք համամասնական ընտրակարգին նվիրված լսումներին: Նա նշեց, թե ողջունում է, որ այդ գործընթացին միացել է նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հովհաննիսյանն ասաց` շատ լավ կլիներ, եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեր Դաշնակցության, «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ մյուս շահագրգիռ ուժերի ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախկին արտգործնախարար նշեց, որ առաջին անգամ Հայաստանի արդի պատմության մեջ պետք է քաղաքական բոլոր ուժերը որոշեն, որպեսզի Հայաստանը դե յուրե ընտրված Ազգային ժողով ունենա:

Հարցին, թե հավատո՞ւմ է, որ իշխող Հանրապետականը իսկապես պատրաստ է ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնել, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Եթե իմ նամակի պատասխանը, որը նախագահական նստավայրից արձակվեց, որեւէ ցուցիչ է այդ հարցում, ուրեմն կարելի է ասել, որ քաղաքական կամքը բացակայում է եւ մենք մոտենում ենք այս ընտրություններին հատվածապաշտ, կուսակցապետական, տեղեր պոկելու գավառական մտայնության հիման վրա»:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG