Մատչելիության հղումներ

Ձյունը խնդիրներ է ստեղծել վարորդների համար


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում վարորդներն ասում էին, որ աղով ու ավազով մշակվում են միայն Գյումրիի կենտրոնական փողոցները:

«Եթե բախտներս բերավ, արեւը ելավ` ղուրբան արեւին: Եթե չէ` կատոկի վրա պտի քշենք: Սորվել ենք», - ասաց վարորդներից մեկը:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի հավաստմամբ, մարզում բաց են միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները:

«Փակ ճանապարհներ մարզում չունենք: Ունենք դժվարանցանելի հատվածներ, քանի որ մարզում ձյունը գալիս է: Ճանապարհները սպասարկող չորս կազմակերպությունները այս պահին գտնվում են ամենաձյունառատ ճանապարհներին: Տեխնիկայով, աղ ու ավազով ճանապարհները մշակվում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խնձրցյանը:

Հարցին, թե արդյոք մարզում առկա տեխնիկայի քանակը բավարար է ճանապարհները պատշաճ վիճակում պահելու համար, նա պատասխանեց. - «Սպասարկող կազմակերպությունների ունեցած տեխնիկան բավարար է, գտնվում է սարքին վիճակում: Տեխնիկայի եւ աղ-ավազային խառնուրդի պրոբլեմներ այս պահի դրությամբ չունենք»:

Խոսելով հատկացվող ֆինանսական միջոցների մասին` Խնձրցյանն ասաց. - «Միջպետական հատվածների սպասարկման գումարները տալիս է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, իսկ հանրապետական եւ մարզային ենթակայության ճանապարհների սպասարկման գումարները կազմակերպություններին տալիս է տվյալ մարզի մարզպետարանը… Մեզ այս տարի հատկացվել է 105 միլիոն 239 հազար»:

Հարցին, թե դա բավարարում է, նա արձագանքեց. - «Պայմանագրային պարտավորությունների հետ կապված աշխատանքներում կան որոշ հատվածներ ճանապարհների, որ ընդգրված չեն, բայց մեր ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ամբողջությամբ մաքրում են»:

Գյումրիի ավտոկայանում միջհամայնքային երթուղիները սպասարկող վարորդներից շատերն ասացին, որ մեծ դժվարությամբ են գյուղերից հասել Գյումրի:

please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG