Մատչելիության հղումներ

Հանդիպումն անցել է «փոխըմբռնման մթնոլորտում»


Կուսակցությունների ղեկավարները ստորագրում են կոալիցիոն հուշագիրը: 17-ը փետրվարի, 2011թ.
Կուսակցությունների ղեկավարները ստորագրում են կոալիցիոն հուշագիրը: 17-ը փետրվարի, 2011թ.

Երկուշաբթի երեկոյան նախագահի նստավայրում տեղի է ունեցել կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը փոխացեց, որ երեկ երեկոյան նախագահի նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի ղեկավարների հանդիպումն անցել է «փոխըմբռնման մթնոլորտում»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ նշեց, որ երկրի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել են մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:

«Կարող եմ ասել, որ կոալիցիայի նիստն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, քաղաքական իմաստով` մեր դիրքորոշումների, մեր մարտավարության փոխհամաձայնեցման փուլում, որովհետեւ ի վերջո քաղաքական կոալիցիան նաեւ պետք է փորձի իր դիրքորոշումները ճշտել, հնարավորինս համաձայնեցված դիրքորոշումներով հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մանավանդ, որ երեք կուսակցություններն էլ որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին», - ասաց Բաղդասարյանը` շարունակելով. - «Լուրջ քաղաքական քննարկում է եղել` դրական, փոխըմբռնման մթնոլորտում: Մնացածը [այդ թվում` մեծամասնական առաջադրումների հարցը] տեխնիկական խնդիրներ են»:

Հարցին, թե նոր հուշագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ ստորագրվելու է, Բաղդասարյանը պատասխանեց. - «Եթե անհրաժեշտություն լինի ձեռք բերված պայմանավորվածությունների թղթին հանձնել, ես դա չեմ բացառում: Նման հարց չի քննարկվել»:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կոալիցիոն ուժերի ղեկավարները երեկ քննարկել են ինչպես խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, այնպես էլ ներքաղաքական խնդիրներ:

Նրա խոսքով` որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան այդ հանդիպումներն առավել ինտենսիվ կլինեն:

Նա չբացառեց, որ կոալիցիան կարող է հանդես գալ նոր համատեղ հայտարարությամբ. - «Այս պահին ես չեմ կարող այդ առումով որեւէ հստակ բան ասել, բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»:

Հարցին, թե արդյոք քննարվել են մեծամասնական ընտրակարգի հետ կապված հարցեր, Շարմազանովը արձագանքեց. - «Կարող եմ ասել, որ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգի հարաբերակցությունը կպահպանվի»:

«Բարգավաճ Հայաստան»-ի վրա ճնշումներին վերաբերող հարցին նա կրկնեց օրերս ասածը. - «Հանրապետականը առհասարակ քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների ճանապարհով չի գնում»:

Կոալիցիոն մյուս ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակը չցանկացավ անդրադառնալ երեկվա հանդիպմանը` ասելով, թե ինքն այդ հանդիպումից տեղյակ չէ:

Այսպիսով կոալիցիոն երեք ուժերը` ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը առանձին-առանձին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Դեռեւս պարզ չէ, թե նրանք ինչպիսի համաձայնության կգան մեծամասնական ընտրակարգով առաջադրումների շուրջ:

ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե արդյոք թեկնածուներ կունենա բոլոր 41 ընտրատարածքներում: Այդ հարցը պարզ կդառնա մարտի 17-ին կայանալիք համագումարում: «Բարգավաճ Հայաստան»-ում եւս այս հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու են. - «Բայց` ոչ բոլոր ընտրատարածքներում: Ոչ մեկն էլ բոլորում առաջադրում կարող է չունենալ»:

«Մենք անցողիկության խնդիր չենք դնում, այլ` շատ ավելի բարձր շեմի», - զրույցը եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:
XS
SM
MD
LG