Մատչելիության հղումներ

Փաստաբանները պահանջում են կալանավորել հայազգի ծառայակցին սպանած թուրք զինվորին


Թուրքիայի ռազմական դատարանում այսօր շարունակվել է մեկ տարի առաջ՝ ապրիլի 24-ին, թուրք ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչիի գործով դատավարությունը։

Ինչպես Ստամբուլից փոխանցում է դատավարությանը հետեւող «Հյուրիեթ» թերթի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն` սա վճռորոշ դատ է տուժող կողմի համար, քանի որ փաստաբանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել՝ 25-ամյա Սեւակին սպանած թուրք զինվորին ազատազրկելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ մինչեւ օրս Սեւակի սպանության մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուն ազատության մեջ է, մեղադրող կողմը պնդում է, թե նա «չի թաքնվում քննությունից, իսկ սպանությունը կատարել է անզգուշաբար»։

Մինչդեռ դատական վերջին նիստում ականատեսներից մեկը՝ Հալիլ Էքշին, աղմկահարույց հայտարարություն է արել եւ պնդել, որ իրականում տեղի է ունեցել հակառակը. Քվանչը պահակակետում ծառայության ժամանակ «լիցքավորել է հրազենն ու միտումնավոր ուղղել Սեւակի կողմը»։ Զինվորական ծառայությունից ազատված այս տղան դատարանում ասել էր նաեւ, որ մեղադրյալի հարազատները ճնշում են գործադրել իր վրա եւ ստիպել են փոխել նախաքննական ցուցմունքները։

«Այժմ Սեւակի հարազատները պատրաստվում են բողոք ներկայացնել մեղադրյալի հարազատների դեմ, եւ հայտարարում են, որ Թուրքիայի դատական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում գործը տանելու են եվրոպական դատարան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ստամբուլահայ լրագրող Վերջիհան Զիլֆիօղլուն։ - «Երբ այդ դեպքը տեղի ունեցավ, Սեւակի հարազատները հայտարարեցին, թե չեն կարծում, որ ազգայնամոլական սպանություն է եւ չեն կարող այն կապել ապրիլի 24-ի հետ: Սակայն այժմ, երբ լսում են այս վկայությունները, սկսեցին հայտարարել, որ սա ազգայնամոլ սպանության մը ձեւ է, եւ հիմա հարցազրույցներ են տալիս այդ մասին, բողոքում»։

Թեեւ այս գործի շուրջ աղմուկն ու ուշադրությունը դեռեւս այնքան մեծ չէ, որքան Հրանտ Դինքի գործով դատավարության դեպքում, այդուամենայնիվ, Սեւակի ծնողները զուգահեռներ են տանում երկուսի միջեւ: «Ես հպարտ եմ իմ ինքնության համար», - ասել է Սեւակի մայրը՝ Անի Բալըքչին եւ հավելել. - «Ես իմ տղային դրեցի այն նույն հողի մեջ, ուր Հրանտ է թաղված»։

Սեւակի մայրն ասել է նաեւ, որ այս դեպքից հետո ավելի է մեծացել մտավախությունը բանակում զինվոր ունեցող հայ ընտանիքներում։ Նույնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հյուրիեթ»-ի թղթակից Վերջիհան Զիլֆիօղլուն՝ մանրամասնելով, որ ներկայումս հայկական ծագում ունեցող ընտանիքների երիտասարդները ավելի ու ավելի շատ են փորձում բարձագույն կրթական հաստատություն դիմել՝ զինվորական ծառայությունը հետաձգելու կամ ժամկետը կրճատելու համար։

Հիշեցնենք՝ թուրքական օրենքի համաձայն, ծառայում են արական սեռի 20-42 տարեկան բոլոր ներկայացուցիչները՝ 15 ամիս, բարձրագույն կրթություն ունեցողները՝ 12 ամիս որպես պահեստազորի սպա, կամ 6 ամիս որպես շարքային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG