Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը այցելեց Լատվիա եւ մեկնեց Լիտվա


Ռիգա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահ Անդրիս Բեզինշի, արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի, Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի եւ Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Լատվիայի նախագահ Անդրիս Բեզինշը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

Քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան - Լատվիա համագործակցությունը:

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նշվել է, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են:

Լատվիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մույժնիեկսի թեկնածությանը սատարելու համար:

Նախարարների միջեւ քննարկված հարցերի կարեւոր կետերից էր տնտեսական համագործակցության առավել ամրապնդումն ու ընդլայնումը:

Նալբանդյանն ու Ռինկեւիչսը խոսել են նաեւ մշակութային փոխանակումների ակտիվացման շուրջ:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ երկուստեք շեշտվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ խնդրի լուծումը պետք է գտնել երկխոսության, բանակցությունների եւ փոխհամաձայնության միջոցով:

Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Ընդունելով հրավերը՝ Էդգարս Ռինկեւիչսը առաջարկել է այցելությունն իրականացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Լատվիայի Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինան Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է երկրի զարգացման գործում լատվիահայ համայնքի դրական ներգրավվածությունը եւ դերակատարումը:

Խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել լատվիական առաջատար «Լատվիաս Ավիզե» թերթին:

Սեյմի՝ Լատվիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել պատգամավորների հարցերին:

Ավարտելով այցելությունը՝ Էդվարդ Նալբանդյանը Ռիգայից ուղեւորվել է Վիլնյուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG