Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները ողջունում են օրինագծի ընդունումը


Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները երախտագիտությամբ ողջունում են Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատումը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի (ՀՀԿ) կարծիքով, ընդունելով Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը:

Օրինագծի ընդունումը, ըստ նրա, նաեւ օրինակ կծառայի մյուս առաջադեմ երկրների համար, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ցեղասպանության ժխտումը նույնքան մեծ հանցագործություն է, որքան ցեղասպանության իրականացումը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նմանատիպ օրինագծի ընդունումը Սենատի կողմից նաեւ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները, նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, այս տարիների ընթացքում ճկուն, ճիշտ եւ, ամենակարեւորը` հայամետ քաղաքականություն են իրականացրել արտաքին քաղաքականության ոլորտում, որի արդյունքը մենք տեսանք այս օրինագծի ընդունմամբ», - հավելեց Շարմազանովը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նույնպես ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ` սա «պատմական զարգացում է», եւ «հանգրվանային իրադարձություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում»:

Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ արտաքին քաղաքականություն է իրականացնում, Զուրաբյանը հակադարձեց, թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը այս օրինագծի համար «զրոյական նշանակություն» ունի: Ավելին, ընդդիմադիր գործչի խոսքով, երբ Հայաստանի իշխանությունները Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները, դրանք սկսեցին խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված այդ փաստաթղթերը իրականում խոչընդոտում էին միջազգային ճանաչմանը: Եվ այն ժամանակ իսկապես այդ ազդեցությունը Սերժ Սարգսյանի ռեժիմը ուներ ճանաչման գործընթացի վրա` բացասական առումով: Սակայն հիմա, երբ այդ քաղաքականությունը լիովին ձախողվել է, ոչ մի արդյունքի չի բերել, դրանից հետո արդեն որեւէ ազդեցություն Սերժ Սարգսյանը այս պրոցեսների վրա չունի: Եվ այդ պարագայում է, որ արդեն սկսել են գործել ավելի ազդեցիկ քաղաքական գործոններ: Ինչպիսիք են Ֆրանսիայի կողմից այդ բարոյական առաջատարի դերը ստանձնելու ձգտումը, Ֆրանսիայում հայկական լոբբիի ազդեցությունը, ինչպես նաեւ գեոպոլիտիկ որոշ զարգացումներ Միջին Արեւելքում: Ահա այս հանգամանքներ են, որ դեր են խաղացել: Եվ այդ վիճակում իրեն վերագրել նման պատմական որոշման դափնիները, դա արդեն շատ անբարոյական մոտեցում է Հայաստանի իշխող ռեժիմի կողմից»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, օրինագծի ընդունումը նախ Ֆրանսիայի հաղթանակն է, քանի որ երկիրը թույլ չտվեց, որ թուրքական սպառնալիքներն իրենց ազդեցությունն ունենան Սենատի վրա: Դա նաեւ համայն հայության հաղթանակն է, որովհետեւ, ըստ Մանոյանի, Թուրքիայի ջանքերով հարցը վերածվեց հայ-թուրքական քաղաքական մարտի: Եվ վերջապես, Դաշնակցության ներկայացուցչի խոսքով` սա Թուրքիայում բնակվող այն ողջամիտ թուրքերի հաղթանակն է, ովքեր նշում էին, որ արտերկրում նման օրինագծերի ընդունումը կօգնի թուրքերին ծանոթանալ իրենց պատմությանը:

Կիրո Մանոյանի կարծիքով, օրինագծի արագ ընդունման համար իրենց որոշիչ դերն ունեցան Ֆրանսիայում սպասվող ընտրություններն ու ֆրանսահայ համայնքի դերակատարությունը, բայց դա միայն ընտրություններով բացատրելը, ըստ նրա, ճիշտ չէ:

ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը:
ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը:
Պատասխանելով Թուրքիայի հնարավոր պատժամիջոցների արդյունքում Ֆրանսիայի տնտեսական կորուստներին վերաբերող հարցին` Կիրո Մանոյանը ասաց. -«Կորուստ անշուշտ կունենա: Դրա համար էլ այս ամբողջը միայն ասել, որ ընտրությունների համար էր, այդքան էլ ճիշտ չէ: Ինչ-որ սկզբունքի հարց կա, արդարամտության խնդիր կա, եւ պետք է նաեւ դրա համար շնորհակալության հայտնել Ֆրանսիային»:

Իսկ հարցին, թե արդյոք Սենատի կողմից երեկ ընդունված օրենքը ետ կպահի Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին Ֆրանսիայի տարածքում նման հայտարարություններով հանդես գալուց, Մանոյանը պատասխանեց. - «Այն ձեւով ժխտողերին, որոնց նպատակը ատելություն սերմանելն է, նրանց հաստատ հետ կպահի: Որովհետեւ, կարծում եմ, անվիճելիորեն նրանք կդատապարտվեն: Բայց եթե մեկը, ըստ իրեն, լուրջ ուսումնասիրություն է արել, ակադեմիական, որի մեջ կասկածի տակ է առնում, որ եղածը ցեղասպանություն էր, դրանց առաջն առնելը կարող է հեշտ չլինի: Երեկ նաեւ Դավութօղլին ասում էր, որ եթե վարչապետ Էրդողանը գնա Ֆրանսիա եւ ասի, որ ցեղասպանություն չի եղել, բռնելո՞ւ եք: Չէ, չեն բռնելու: Որովհետեւ ինքը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Բայց այդպիսի մոտեցումները արդեն ցույց տվեցին Թուրքիայի կեցվածքի սնանկությունը»:

please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG