Մատչելիության հղումներ

Գիտաժողով փակ սահմանների կարգավորման վերաբերյալ


Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գիտաժողովը, որի նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնախնդիրները վեր հանելն ու դրան իրավական տեսանկյունից վերլուծելն է, կազմակերպել է «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

«Կենտրոնը քննարկումների համար ընտրել է չափազանց կարեւոր եւ արդիական խնդիրներ, որոնք մեզ համար ունեն ոչ միայն տեսական, այլեւ կիրառական քաղաքական նշանակություն: Այդ խնդիրներն առնչվում են Հայոց ցեղասպանությանը, ժամանակակից աշխարհում փակ սահմանների առկայությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես, այն իրավական հարցերին, որոնք առնչվում են ինքնորոշման սկզբունքին: Ժամանակակից իրավունքը նորովի մոտեցումներ է դրսեւորում այս հարցերի շուրջ եւ շատ կարեւոր է, որպեսզի հետեւեք ժամանակակից իրավագիտության մեջ նոր հոսանքներին եւ դրանց շուրջ ծավալեք քննարկումներ եւ հետազոտություններ»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` ասել է վարչապետը:

Նշելով, որ սերնդափոխությունը հետազոտությունների ոլորտում կարեւոր երեւույթ է՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երիտասարդները կաշկանդված չեն հին մտածողությամբ եւ կարող են ժամանակակից իրադարձություններին նայել նորովի, երբեմն անսպասելի տեսանկյուններից եւ առաջ քաշել նոր հիպոթեզներ, որոնք հետագայում կարող են ապացուցվել եւ դառնալ կարեւորագույն տեսություններ:

«Այդ տեսակետից, դուք ունեք բացառիկ հնարավորություն, որովհետեւ կենտրոնն իր համար ընտրել է այնպիսի կարեւորագույն թիրախներ, որոնք Հայաստանի քաղաքացիների համար ունեն ոչ միայն տեսական նշանակություն: Դուք յուրաքանչյուր օր շփվում եք այդ խնդիրների հետ եւ ձեր վրա եք զգում դրանց առանձնահատկությունը, կարեւորությունն ու հասարակական ընկալումը: Այդ ամենն հնարավորւթյուն է ստեղծելու, որ դուք խորապես գիտակցեք այս խնդիրների լուծման եղանակները», - նշել է Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG