Մատչելիության հղումներ

Իտալիայի ափերին զբոսանավը խրվել է ծանծաղուտում, կան զոհեր


Ավելի քան 4 հազար մարդու տեղափոխող Costa Concordia զբոսանավի` Իտալիայի ափերի մոտ ծանծաղուտում խրվելու ու շրջվելու հետեւանքով երեք մարդ է զոհվել։

BBC-ի փոխանցմամբ, նավը ծանծաղուտում խրվել է ուրբաթ երեկոյան` Ջիլյո կղզու մոտակայքում, եւ սկսել է թեքվել, ինչի հետեւանքով խուճապ է առաջացել։ Սկսվել է ուղեւորների տարհանումը փրկարար մակույկներով, ոմանք էլ նետվել են ջուրը եւ սկսել լողալ դեպի մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող ափ։

Այնուհետեւ նավ են ժամանել փրկարարները, որոնք նավախցից նավախուց անցնելով` ուղեւորների են փնտրել ու տուժածներին տեղափոխել ափ։ Նավում մնացած վերջին 50 ուղեւորները, երբ նրանց տարհանել են ուղղաթիռով, եղել են «վատթարացող» վիճակում, նշում է BBC-ն։

Որոնողական աշխատանքները դեռեւս ավարտված չեն։

Զբոսանավի 3 հազար 200 ուղեւորների թվում եղել են իտալացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ եւ բրիտանացիներ։ Եվս հազար մարդ նավի անձնակազմն էր։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հաղորդել էին վեց կամ ութ զոհերի մասին, ինչը, սակայն, այսօր առավոտյան հերքվել է առափնյա պարեկային ծառայության պաշտոնյաների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG