Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնաբանում են «Տնտեսական ազատության ինդեքս. 2012» զեկույցը


Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal-ի հրապարակած տնտեսական ազատությանը վերաբերող զեկույցում Հայաստանի դիրքերի վատացումը, ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, ցույց է տալիս, որ անցած տարի Հայաստանի կառավարությունը ձախողվել է բարփոխումների իրականացման գործում:

«Կարող ենք ասել, որ 2011 թվականը ամենաանհաջող տարիներից է եղել, որովհետեւ մեր տնտեսության 2012 թվականին գոնե առաջընթաց ապահովող որեւէ որոշում, քայլ, տնտեսական միջավայրի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս առումով 2012-ն էլ շատ անհաջող տարիներց մեկը կլինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով` Հայաստանի իշխանություններն «արդեն սովորել են միջազգային կառույցների հետ աշխատել եւ ձեւական կողմի հետեւեից են ընկնում». – «Երբ ընկնում են ձեւական կողմերի հետեւից… Կառավարության անցյալ տարվա սկզբի հենց որոշումներում այդպիսի մի հանձնարարության կար վարչապետի կողմից, որ մենք պետք է Doing Business [Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցը] համաշխարհային այդ ցուցակում չգիտեմ որերորդ տեղը գրավենք: Հիմա իրենք այդ սոցիալիստական պարտավորությամբ են շարժվում: Բայց իրական կյանքում, իրական բիզնես միջավայրում 2011-ին ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել»:

Այդ առումով, Վահագն Խաչատրյանի խոսքով, Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal-ի պատրաստած զեկույցը, կարծես թե, փորձում է արտացոլել գործերի իրական վիճակը Հայաստանի տնտեսությունում. - «Օբյեկտիվության առումով ես չեմ գտնում, որ Հայաստանը այն երկիրն է, որ պիտի 180 երկրների մեջ տնտեսական ազատության առումով 39-րդ տեղը գրավի: Թեկուզ 45-րդ կամ 50-րդ տեղը… Միանշանակ ավելի վատ պետք է լիներ: Որովհետեւ այն չափանիշները, որոնց հիման վրա հաշվվում է միջին ինդեքսը, այն չափանիշներից ելնելով` Հայաստանում պետք է ավելի վատ վիճակ լիներ: Օրինակ, վերցրեք ազատ առեւտրի խնդիրը. Հայաստանում ազատ առեւտուր չկա: Հայաստանում կա մոնոպոլացված, օլիգարխիկ տնտեսություն եւ դրան համապատասխան առեւտուր… Բայց օրենսդրական առումով մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով, պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ցանկում Հայաստանը ավելի լավ տեղ է զբաղեցնում, քան Ֆրանսիան, Նորվեգիան ու Լեհաստանը, եւ դա փաստ է, որը չի կարելի հաշվի չառնել:

«Իհարկե մենք տեսնում ենք, որ զեկույցը նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանի միավորները 0.9-ով պակասել են` կազմելով 68.8», - շարունակեց Մինասյանը:- «Եվ դա, իհարկե, լուրջ ուսումնասիրության խնդիր պետք է դառնա, որովհետեւ մեր այլ մրցակցային առավելությունների բացակայության պայմաններում (ճանապարհները, կոմունիկացիաները) մեր տնտեսական ազատությունը դառնում է մեր հիմնական հաղթաթուղթը: Եվ այս առումով… մենք պետք է միշտ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր ձեռք բերած հաջողությունները է'լ ավելի ամրապնդենք»:

Մինասյանը չի համարում, թե իշխանությունների, կառավարության քայլերը այս ոլորտում ձախողվել են. - «Իհարկե ոչ: Որովհետեւ բոլոր երկրները փորձում են բարելավել իրենց ցուցանիշները այս կարեւորագույն ցուցակում, եւ պետք է ասել, որ մենք մի փոքր զիջել ենք այն պետություններին, որոնք կարողացել են է'լ ավելի բարելավել իրենց ցուցանիշները»:

please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG