Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունն ազատությամբ 39-րդն է


«Heritage Foundation» հիմնադրամը եւ «Wall Street Journal» հանդեսը այսօր հրապարակել են 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը։

Heritage հիմնադրամը եւ Wall Street Journal-ը հրապարակել են 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի համաձայն Հայաստանն աշխարհում տնտեսական ազատության առումով զբաղեցնում է 39-րդ տեղը։

Ետխորհրդային երկրներից Հայաստանից առաջ են անցել 23-րդ տեղը գրաված Լիտվան եւ 34-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանը, մինչդեռ, մյուս հարեւաններից Թուրքիան 73-րդն է, Ադրբեջանն 91-րդը, Իրանը 171-րդն է, իսկ թիվ մեկ դաշնակից Ռուսաստանը 144-րդ տեղում է։

Կա վեց կարգ` «ազատ տնտեսություն», «հիմնականում ազատ տնտեսություն», «չափավոր ազատ տնտեսություն», «հիմնականում անազատ տնտեսություն», «անազատ տնտեսություն» եւ «անորոշ կարգավիճակի տնտեսություն»։

Այսպիսով, Հայաստանը «չափավոր ազատ» երկրների կարգն է դասվել։ Մի կողմից, 39-րդ տեղը վատ ցուցանիշ չէ, սակայն, ինչպես նշում են վերլուծության հեղինակները, Հայաստանը 0.9 միավորի կորուստ է գրանցել, ինչը վկայում է կոռուպցիայի դեմ պայքարում նկատելի նահանջի, պետական միջոցների տնօրինման եւ դրամավարկային քաղաքականության ասպարեզներում թերացումների մասին։ Դա էլ ազդել է վերջնական արդյունքի վրա, քանի որ անցյալ տարվա ցուցիչով Հայաստանը 36-րդ տեղում էր։

Հայաստանը տնտեսական ազատությամբ ներկայումս 19-րդն է Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրների շարքում։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն անցած տասնամյակում էական ազատականացում եւ տնտեսական փոփոխություններ է ապահովել, սակայն վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում չափավոր ճկունություն է դրսեւորել։

Տնտեսությունը կարգավորող ընդհանուր շրջանակները արդյունավետ են, ինչին նպաստում են գործարարության ընթացակարգերը եւ մրցունակ հարկային տոկոսադրույքները։

Քաղաքականությունը վստահ պաշտպանում է ազատ շուկայի սկզբունքը եւ երկիրը մրցունակ է դարձնում ներդրումների եւ առեւտրի առումով։

Տնտեսական ազատության ցուցիչի հիմքում չորս հիմնարար սկզբունքներ են։

Առաջինը` օրենքի գերակայությանն է, որը ենթադրում է սեփականության իրավունքի պաշտպանություն եւ պայքար կոռուպցիայի դեմ։

Երկրորդը կառավարության սահմանափակ միջամտությունն է, որը վերաբերում է ֆինանսական ազատությանը եւ պետության ծախսերին։

Երրորդը կարգավորման արդյունավետությունն է, որն ազատություն է ապահովում բիզնեսին, աշխատանքի շուկային եւ դրամավարկային ոլորտին։

Եվ, վերջապես, չորրորդը ազատ շուկան է, որը ենթադրում է առեւտրի, ներդրումների ե ֆինանսների ազատություն։

Ըստ վերլուծության, թեպետ Հայաստանի քաղաքականությունն ընդհանուր առմամբ տեղավորվում է այդ 4 սկզբունքների մեջ, տնտեսական ազատությունն այնուամենայնիվ չի երաշխավորվում, քանի որ չկա հզոր եւ անկախ դատական համակարգ։

Համատարած կոռուպցիան էլ ավելի է խոչընդոտում երկրի տնտեսական զարգացումը։

Կառավարության ծախսերը վերջին տարիներին հետզհետե ընդարձակվել են, ինչը, ըստ 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը կազմող վերլուծաբանների, կառավարության լիազորությունների չարաշահում է։

Տնտեսապես առավել ազատ երկրների ցանկում էական փոփոխություններ չկան, առաջին տեղում Հոնգ Կոնգն է, երկրորդը Սինգապուրը, երրորդն Ավստրալիան է: Եռյակին հաջորդում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Կանադան, Չիլին, Հնդկական օվկիանոսի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող կղզի-պետություն Մավրիկիոսը, ապա Իռլանդիան, իսկ տասնյակը եզրափակում է Միացյալ Նահանգները։

Վերջին` 179-րդ տեղում Հյուսիսային Կորեան է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG