Մատչելիության հղումներ

Սիրիական բանակը լքած զինվորները 18 ուժայինների են սպանել


Սիրիական բանակը լքած զինծառայողները նախագահ Բաշար ալ-Ասադի անվտանգության ուժերի առնվազն 18 անդամների են սպանել։

Ինչպես հաղորդել են սիրիացի իրավապաշտպանները, հարավային Ջասեմ քաղաքի մոտ իրենց պոստերը լքած զինվորների ուղղությամբ կրակ են բացել մի ոստիկանատնից, ինչին նրանք հակադարձել են՝ սպանելով 18 մարդու։

BBC-ն փոխանցում է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ասադին կոչ է արել հրաժարական տալ՝ մեղադրելով նրան «բարբարոսական բռնաճնշումներ», ջարդեր գործադրելու մեջ։

Շաբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները քննարկելու են Սիրիա գործուղված դիտորդների նախնական զեկույցը եւ որոշելու են առաքելությունը շարունակելու նպատակահարմարության հարցը։

Արաբական լիգայի դիտորդները Սիրիա էին ժամանել մեկ շաբաթ առաջ՝ ստուգելու պաշտոնական Դամասկոսի հետ համաձայնեցված խաղաղության ծրագրի իրականացումը։

Այդուհանդերձ, սիրիացի ակտիվիստների պնդմամբ, բռնությունները չեն նվազել, եւ միայն դիտորդների ժամանումից հետո առնվազն 390 մարդ է սպանվել։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Սիրիայում 2011 թվականի մարտին սկիզբ առած հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով սպանվել է առնվազն 5 հազար քաղաքացիական անձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG