Մատչելիության հղումներ

Սկսում է գործել Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ միացյալ տնտեսական տարածության համաձայնագիրը


Ռուսաստան – Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը (ձախից) Ղազախստանի եւ Բելառուսի իր գործընկերներ Նուրսուլթան Նազարբաեւի (աջից) եւ Ալեկսանդր Լուկաշենկայի հետ Եվրասիական տնտեսական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2011թ․
Ռուսաստան – Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը (ձախից) Ղազախստանի եւ Բելառուսի իր գործընկերներ Նուրսուլթան Նազարբաեւի (աջից) եւ Ալեկսանդր Լուկաշենկայի հետ Եվրասիական տնտեսական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2011թ․
Այսօրվանից Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ սկսում է պաշտոնապես գործել Միացյալ տնտեսական տարածության մասին համաձայնագիրը։

Դեկտեմբերին մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ասել էր, որ այսպիսով ճանապարհ կհարթվի 3 պետությունների միջեւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար։ Մեդվեդեւը պարզաբանել էր, որ նախաձեռնության նպատակն է մինչեւ 2015 թվականը Եվրոպական միության օրինակով ստեղծել Եվրասիական տնտեսական միություն։

Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը արդեն իսկ ստեղծել են Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որը դառնալու է ստեղծվելիք միության ղեկավար մարմինը։

2011 թվականի հուլիսից Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ տեղակայված մաքսակետերը վերացվեցին եւ երեք երկրների միջեւ սկսեց գործել ընդհանուր Մաքսային միությունը։

Հոկտեմբերին Հայաստանը ԱՊՀ-ի 7 երկրների հետ ստորագրել է ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը, որը արեւմտյան փորձագետները դիտարկում են Եվրասիական միություն ստեղծելու՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ծրագրի համատեքստում։ Ծրագիր, որն Արեւմուտքում շատերն են բնորոշում որպես նախկին Խորհրդային Միությունը վերակազմավորելու փորձ։

Սանկտ Պետերբուրգի ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Եվրասիական միություն ստեղծելու մասին հարցին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դրական է վերաբերվում նման առաջարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG