Մատչելիության հղումներ

Կրեմլը ակնկալում է այսօր ստորագրել Եվրասիական միություն ստեղծելու համաձայնագիրը


Դուշանբե, հոկտեմբեր, 2007 թ. - Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովի ժամանակ
Դուշանբե, հոկտեմբեր, 2007 թ. - Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովի ժամանակ
Պաշտոնական Մոսկվան հույս ունի ուրբաթ օրը Կրեմլում Ղազախստանի եւ Բելառուսի հետ համաձայնագիր ստորագրել տնտեսական դաշտում համագործակցությունը ընդլայնելու եւ Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ։

Նման դաշինքի մասին ամիսներ առաջ հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` այն որակելով «պատմական ձեռքբերում» ոչ միայն երեք երկրների, այլեւ ետխորհրդային ողջ տարածքի համար։

«Այս համաձայնագրով Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը միասնական տնտեսական տարածք կստեղծեն ու հսկայական շուկա` ավելի քան 165 միլիոն սպառողների համար», - հայտարարեց Պուտինը։

«Վաղը Մոսկվա կժամանեն մեր մտերիմ երկու պետությունների` Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները, եւ մենք հույս ունենք նրանց հետ հենց այստեղ` Կրեմլի դահլիճում համաձայնագիր ստորագրել տնտեսական հետագա ինտեգրացիայի վերաբերյալ», - հինգշաբթի օրը թոշակառուների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ընդգծելով. - «Վստահ եմ, որ այս դաշինքին շատ լավ ապագա է սպասում»։

Արեւմուտքում, մինչդեռ, մտավախություն ունեն, թե այս քայլով Կրեմլը մտադիր է ամրապնդել վերահսկողությունը ԱՊՀ-ի երկրների նկատմամբ եւ վերածնել նախկին Խորհրդային Միությունը` հատկապես, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարները իրենց ելույթներում չեն թաքցնում համակրանքը միասնական պետության նկատմամբ։

«Ինձ հարցնում են` դու Խորհրդային Միությա՞ն կողմից ես, թե՞ Ռուսաստանի։ Ես ապշել էի։ Ասում եմ` իսկ ի՞նչ է, տարբերություն կա՞։ Ընդամենը անվանումն է տարբեր, թե չէ նույն Ռուսաստանն է` մեծ Ռուսաստանը», - հինգշաբթի օրը Կրեմլում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ, նախագահի հավակնորդ Վլադիմիր Պուտինը, ով ավելի վաղ Խորհրդային Միության փլուզումն անվանել էր 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկը։

«Խորհրդային Միության մոդելին վերադառնալու մեջ ամոթալի որեւէ բան չկա», - նույն հանդիպման ժամանակ հաստատեց նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով. - «Մեր երկրում, այսպես ասած, մեկ միասնական ընդհանրություն էր ստեղծվում` սովետական ժողովուրդը։ Ցավոք, այդ մոդելը տապալվեց, ինչը ամենատխուր բանն է, որ կարելի է պատկերացնել, քանի որ աշխարհում կան օրինակներ, թե ինչպես կարելի է փայլուն կերպով կյանքի կոչել ազգային եւ մշակութային ինքնությամբ միասնական ժողովուրդ ստեղծելու գաղափարը»։

«Կարծում եմ, մենք չպետք է ամաչենք վերադառնալ այն գաղափարներին, որոնք միավորման բնույթ ու նպատակ են հետապնդում», - ընդգծեց Դմիտրի Մեդվեդեւը։

Երկու օր առաջ էլ ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացները ամրապնդելու եւ եվրասիական դաշինք ստեղծելու վերաբերյալ համաժողով անցկացրեց Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները ոչ միայն հավանություն տվեցին գաղափարին, այլեւ առաջարկեցին ավելի հեռուն գնալ եւ տնտեսական համագործակցությունից բացի ստեղծել մարդու իրավունքների եվրասիական դատարան, ընտրությունների վերահսկման եվրասիական մոնիտորինգի կենտրոն, միասնական եվրասիական բանկ, ու անգամ ռուսական ռուբլին դարձնել միասնական եվրասիական արժույթ։

Առայժմ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարին պաշտոնապես հավանություն են տվել միայն Ղազախստանն ու Բելառուսը։

«Մենք ողջունում ենք այլ պետությունների, նախ եւ առաջ` ԱՊՀ-ի անդամների ընդգրկումը այս նախագծում», - անցած ամսվա սկզբին «Իզվեստիա»-ում գրեց Վլադիմիր Պուտինը` ընդգծելով. - «Որեւէ մեկին, սակայն, շտապեցնելու կամ այդ քայլին դրդելու նպատակ չկա»։

Այս հոդվածի հրապարակումից մոտ տասն օր անց Հայաստանի վարչապետը Սանկտ Պետերբուգում հայտարարեց, թե Հայաստանը եւս դրական է վերաբերվում Պուտինի առաջարկին, քանի որ դա, ըստ Տիգրան Սարգսյանի, հեռանկարային է եւ ժամանակին համընթաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG