Մատչելիության հղումներ

«Փորձելու են ցույց տալ, որ գործ են անում»


Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում դատաիրավական համակարգի պատասխանատուների հետ: 22-ը դեկտեմբերի, 2011թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում դատաիրավական համակարգի պատասխանատուների հետ: 22-ը դեկտեմբերի, 2011թ.

Դեռեւս հրապարակված չեն այն 7 դատավորների անունները, որոնց նկատմամբ Արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել:

Ըստ Արդարադատության խորհրդի կարգապահապան հանձնաժողովի տարածած հաղորդագրության, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս տարի Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը 15 դատապարտյալների նկատմամբ չի կիրառվել, թեեւ վերջիններս ենթակա են եղել համաներման:

Խորհրդի որոշումը հաջորդեց դատաիրավական համակարգի պատասխանատուների հետ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կապ է տեսնում Արդարադատության խորհրդի որոշման եւ նշված խորհրդակցության ընթացքում նախագահի հնչեցրած քննադատության միջեւ:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, ասել էր, թե քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Նա առաջարկել էր անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

«Այդ համակարգում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն… պետք է դիտարկել միայն քաղաքական իշխանության կամարտահայտության շրջանակներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը` շարունակելով. - «Իշխանությունում որոշել են, որ պահը հասել է, որ պետք է ինչ-որ թվով դատավորների պատժել: Եվ անում են դա»:

Իրավապաշտպանը գտնում է, որ կարգապահական վարույթի ենթարկված դատավորները հաստատ չեն լինի իշխանությանը մոտ կանգնածները. - «Ով շատ է անտեր, նա ավելի հավանական է, որ հայտնվի այդ պատժվողների ցուցակում: Ընտրվում են դատավորները նույնպես. նշանակվում են իրենց մարդիկ, նշանակվում են մարդիկ, ովքեր միանշանակ պատվերներ կկատարեն… Չեմ ուզում մերկապարանոց հայտարարել, որ չկան այդպիսիք [պատվերներ չկատարող դատավորներ]... Գոնե ես չեմ տեսել այդպիսի դատավորների: Բայց այս պատժվողների մեջ էլ, ե'ւ այս, ե'ւ վաղվա պատժվողների մեջ, չեն լինելու այն մարդիկ, ովքեր իշխանության դատավորներն են: Լինելու են ավելի անպաշտպանները: Ավելի անպաշտպաններին զոհելով` փորձելու են ցույց տալ, որ գործ են անում այդ բնագավառում»:

Իրավապաշտպանը, սակայն, գտնում է, որ եթե իշխանություններն արդարացի վերաբերվեին դատական համակարգին, ապա առաջին հերթին պետք է պատժեին մարտի 1-ի գործով վճիռներ կայացրած դատավորներին. - «Մարտի 1-ի գործով կայացված բոլոր դատավճիռները անհիմն են եղել: Անհիմն վճիռներ են կայացվել, քաղաքականացված վճիռներ են կայացվել, միակողմանի վճիռներ են կայացվել»:

Վարդան Հարությունյանը նաեւ գտնում է, որ եթե նախագահը չանդրադառնար դատաիրավական համակարգի խնդիրներին, այդ դատավորները կշարունակեին աշխատել այնպես, ինչպես աշխատել են մինչեւ կարգապահական վարույթի հարուցումը: Մյուս կողմից, նախագահի վերջին խորհրդակցությունից հետո դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը խոսում է այն մասին, որ արդարադատության համակարգը, չնայած իր անկախությանը, նույնպես «նայում» է նախագահի հանձնարարություններին:

«Քանի որ վերեւում իշխանավորը` միակ իշխանավորը վճիռ է կայացրել ինքն իր համար եւ հանձնարարել է նրանց անպայման ինչ-որ մարդկանց պատժել, նրանք պատժում են», - ասաց Հարությունյանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը, նույնպես համարելով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը ուղղակի կապ ունի նախագահ Սարգսյանի վերջին խորհրդակցության հետ, անդրադառնում է Վճռաբեկ դատարանի գործունեությանը: Փաստաբանի դիտարկմամբ, վճռաբեկ դատարանը հովանավորում է դատարանների անօրինականությունները. - «Այս տեսանկյունից, չեմ կարծում, որ սա մի օրվա խնդիր է: Եվ այդ ամենօրյա խնդրի հետ կապված` փաստաբանները բավականին ակտիվ էլ պայքարում են»:

Սաֆարյանը նշում է, որ ինքն ու իր գործընկերները փորձում են պայքարել դատավորների կայացրած անօրինական որոշումների դեմ, թեեւ Հայաստանի դատական համակարգում այդ պայքարն առավել դժվար ընթացք է ունենում:

please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG