Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը դժգոհ է դատաիրավական համակարգում բարեփոխումների ընթացքից


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն` նվիրված դատաիրավական համակարգի խնդիրներին:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այսօրվա խորհրդակցությամբ եզրափակվում է ընթացիկ տարում դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված հանդիպումների շարքը Հանրապետության ղեկավարի մոտ:

«Բազմիցս ե՛ւ ես, ե՛ւ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ», - ասել է Սերժ Սարգսյանը եւ շարունակել. - «Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում»:

Նախագահի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը:

«Կան երեւույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային: Այստեղ է, որ մենք մտածելու շատ բան ունենք եւ եկող ժամանակաշրջանում լրջորեն պետք է զբաղվենք դրանցով», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության արդյունքում Նախագահն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Սերժ Սարգսյանն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG