Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն մարտի 1-ի վերաբերյալ զեկույցում նոր բացահայտումներ չի ներկայացրել


Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով այրած մեքենա, արխիվային լուսանկար
Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով այրած մեքենա, արխիվային լուսանկար
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեքշաբթի օրը հատուկ զեկույց է հրապարակել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվական հաղորդման մեջ ՀՔԾ-ն, մարտի 1-2-ի դեպքերը ներկայացնելով որպես «զանգվածային անկարգություններ», նշում է, որ մարտի 1-ի ուշ երեկոյան տարբեր հրազեններից առաջին կրակոցները արձակվել են «ամբոխի միջից», ամբոխի կողմից են նետվել առաջին նռնակներն ու այլ պայթուցիկ սարքերը, իսկ իրավապահների գործողությունները նպատակ են ունեցել «սաստել ամբոխին» եւ կանխել «զինված հարձակումները»:

Նախաքննական մարմնի հրապարակած փաստաթղթում ամրագրված է այն վարկածը, որ ե'ւ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի, ե'ւ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան պատճառները եղել են «զանգվածային անկարգությունների մասնակիցների» գործողությունները: Այսպես, ըստ փաստաթղթի, Համլետ Թադեւոսյանը զոհվել է «զանգվածային անկարգությունների մասնակիցների հերթական զինված հարձակումը կանխելու ընթացքում ժամը 21.15-ի սահմաններում Գրիգոր Լուսավորչի փողոցում անկարգության` դեռեւս չպարզված մասնակցի նետած պայթուցիկ սարքի պայթյունից ստացած վնասվածքներից»: Համաձայն զեկույցի` դրանից հետո, հաշվի առնելով ամբոխի հետ բախումների ժամանակ անձնակազմի կորուստների հնարավորությունը, ոստիկանական ուժերը նահանջել են դեպի Լեոյի փողոց, որտեղ էլ Տիգրան Աբգարյանը մահացու վիրավորվել է «զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկի կողմից իր ուղղությամբ արձակված ինքնաձիգի կրակոցից»: ՀՔԾ-ն արձանագրել է, որ այնտեղ է եղել ոստիկանության զորքերի դիպուկահարը, ով «նկատել է կրակող անձին», «կրակ է բացել հանցագործի ուղղությամբ», վիրավորել է ոտքից, բայց հանցագործին հաջողվել է փախչել, եւ նրա «անձը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»:

Ինչ վերաբերում է զոհված քաղաքացիական անձանց, ապա նախաքննական մարմինը նշում է, որ զոհվածներից առնվազն երկուսը` Գոռ Քլոյանն ու Զաքար Հովհաննիսյանը, «զանգվածային անկարգությունների կատարմանը» ներգրավվել են մեկ այլ զոհվածի` Արմեն Ֆարմանյանի կողմից: Ֆարմանյանը զեկույցում ներկայացված է որպես «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ներգրավմամբ եւ ֆինանսավորմամբ մարդկանց խմբեր հավաքագրած, զանգվածային անկարգությունների մասնակիցներին մետաղյա ձողեր ու վառելիքի շշեր բաժանած, նրանց գործողությունները ղեկավարած անձ»:

Գոռ Քլոյանի հայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս պնդումը համարեց «խայտառակություն»:

«Ես ի լուր իրենց հայտնեմ, որ իմ տղան չի ճանաչել Արմեն Ֆարմանյանին եւ Զաքար Հովհաննիսյանին: Ես ներկա եմ եղել մարտի 1-ին, իմ տղան իմ հետ է եղել», - ասաց Քլոյանը:

Զաքար Հովհաննիսյանը, ըստ փաստաթղթի, անկարգությունների վայր է գնացել Արմեն Ավետիսյան անունով ընկերոջ հետ` «ալկոհոլ օգտագործած վիճակում», եւ կեսգիշերին անհայտ անձի կողմից ստացել է հրազենային վնասվածքը. ընկերը, նրան թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի, իսկ կրակողն անհայտ է:

Հրազենային վնասվածք ստացած զոհերից Հովհաննես Հովհաննիսյանը եւս, ըստ նախաքննության նյութերի, ալկոհոլ օգտագործած վիճակում է գտնվել Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ի երեկոյան, փայտը ձեռքին օդում թափահարելով է գնացել Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկ, որտեղ էլ հրազենից մահացել է:

Գանգուղեղային բաց, բութ թափանցող վնասվածքից մահացած Սամվել Հարությունյանը, ըստ քննչական մարմնի փաստաթղթի, մարմնական վնասվածք է ստացել այն պահին, երբ Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկից քարեր նետելով շարժվելիս է եղել առաջ:

Իսկ թիկունքից ստացած հրազենային վիրավորումից մահացած Դավիթ Պետրոսյանի մասին նշված է, որ մինչ մահացու վիրավորվելը նա իր բջջային հեռախոսով լուսանկարահանումներ է կատարելիս եղել:

Գրիգոր Գեւորգյանի մահվան հանգամանքների մասին նշված է, որ զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից եւ դիահերձարան է տեղափոխվել անհայտ անձանց կողմից:

Զոհերից առնվազն հինգին հրազենային վնասվածքներ հասցրած անձինք շարունակում են անհայտ մնալ: Ինչ վերաբերում է 3 քաղաքացիների` Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մահվան պատճառ դարձած «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած չորս ոստիկաններին, նախաքննական մարմինը պաշտոնապես ամրագրել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի բեկորների վրա «առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար, այդ պատճառով էլ չի պարզվել կոնկրետ որ զենքից արձակված կրակոցի հետեւանքով են զոհվել նշված անձինք»:

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները, օպերատիվ որոնողական միջոցառումները` հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ», - 132 էջանոց փաստաթուղթը եզրափակում է ՀՔԾ-ն:

Ընդհանուր առմամբ գործով հարցաքննվել է շուրջ 4000 վկա, տուժող ճանաչվածների գերակշռող մասը իրավապահներ են` 220 ոստիկան եւ զինծառայող եւ 58 քաղաքացիական անձ: Մեղադրանք է առաջադրվել 152 հոգու, որոնց ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են:

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն« ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս զեկույցը փաստում է, որ նախաքննական մարմինը մտադիր չէ բացահայտում իրականացնել եւ կատարել նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականը:

«Ավելին` այս զեկույցով նրանք նաեւ զոհերին ներկայացրել են որպես հանցագործներ: Զոհերին հանցագործներ ներկայացնելով` նրանք արդարացնում են նրանց զոհ լինելը, իսկ դա արդարացնելու որեւէ հիմք նրանք չունեն: Մարդը սպանվել է, եւ իրենք պարտավոր են բացահայտել սպանողներին: Նրանք որեւէ քայլ սպանությունների բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել: Ընդամենը իմիտացիա է», - ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը «խեղաթյուրված» որակեց զեկույցում ամրագրված որոշ փաստեր: Ամբոխի կողմից արձակված կրակոցների մասին պնդումներին ի պատասխան` նա հիշեցրեց, որ որեւէ ցուցարարի հրազենային վնասվածք հասցնելու մեղադրանք չի առաջադրվել:

«Եթե գիտեք, որ ցուցարարների կողմից եղել են կրակոցներ, այդ դեպքում ինչո՞ւ չեք բացահայտում նաեւ այդ կրակող ցուցարարին: Կամ եթե գիտեք` ցուցարարը նռնակ է նետել, ուրեմն գիտեք որ հատվածից է նետել եւ ովքեր էին այդտեղ կանգնած: Եթե չեք կարողանում նշել, թե կոնկրետ որ մարդու կողմից է եղել, դուք իրավունք չունեք այդպիսի արտահայտություն օգտագործել ձեր զեկույցի մեջ: Փաստաթուղթը ավելի շատ իմիտացիոն, քաղաքական բնույթի է, քան իրավական», - ասաց նա:

Քոչարյանը արժանահավատ չի համարում նաեւ ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների մասին նկարագրությունը:

«Դա շատ ծիծաղելի է, որովհետեւ երբ ներկայացնում են այդպիսի տեսարան, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու չեն բռնել այդ կրակողին: Ոչ մեկի մոտ հավատ չի ներշնչում, որ վիրավոր կրակողը սողոսկելով կարողացել է ոստիկանական զորքերի արանքը ճեղքել եւ անհետանալ այդ ամբոխի մեջ», - ասաց Քոչարյանը:

Հայտարարելով, որ բազմաթիվ փաստեր են փաստաթղթում խեղաթյուրված, որեւէ խոսք չկա ոստիկանների անհամաչափ գործողությունների, մինչ հատուկ դրություն հայտարարելը Երեւանում բանակի տեղակայման, 0038 հույժ գաղտնի հրամանի մասին, փաստահավաք խմբի անդամը համոզված է, որ հանրությունը պետք է արդեն իր ուժերին ապավինի եւ հանրային, հրապարակային դատ անցկացնի:

«Մեր հանրությունը պետք է շարունակի իր ճնշումները, իսկ դրա բացակայության դեպքում ինքը պետք է իրականացնի այդ բացահայտումները` հանրային դատ իրականացնելու միջոցով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG