Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը


Ադրբեջանը խստիվ դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից։ Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե տվյալ քայլը հակասում է եվրոպական տարածքում խոսքի եւ կարծիքի ազատության հիմնական ժողովրդավարական սկզբունքներին, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պահպանման` Ֆրանսիայի ստանձնած պարտավորություններին։

«Ադրբեջանը իր խորին ափսոսանքն է հայտնում այն կապակցությամբ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից տվյալ օրենքի ընդունմամբ միջազգային հանրությունը աչք է փակում այն փաստի վրա, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ էթնիկ զտման են ենթարկվել օկուպացված տարածքներում, իրենց հողերում վերածվել են հարկադիր տեղահանվածների, կոպտորեն խախտվել են նրանց իրավունքները», - Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասված է պաշտոնական Բաքվի հայտարարությունում։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, այսօր անընդունել է որակել Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը։

«Եթե Ֆրանսիան արդարացի դիրքորոշում գրավեր, չէր փորփրի հարյուրամյա վաղեմության պատմությունը` դրանով իսկ սրելով իրավիճակը տարածաշրջանում։ Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, նման դիրքորոշումը ափսոսանք է հարուցում», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է Մամեդյարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG