Մատչելիության հղումներ

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր եւ նախագահ դոկտոր Ջոննի Հոնին եւ փոխնախագահ Քիթ Բենեթին:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` չինական վենչուրային կապիտալ թողարկող «Ընկերությունների համաշխարհային խումբ»-ը, որը տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր է իրականացնում, հետաքրքրված է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով:

Նախագահը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել, որ Հայաստանի պետական մարմինները պատրաստ են քննարկելու եւ օժանդակելու «Ընկերությունների համաշխարհային խմբի» ներդրումային ծրագրերին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են հատկապես բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային հնարավորություններին:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծելով, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում՝ մասնակցելով որոշակի ծրագրերի, եւ ուրախ կլինի դրանց շարքում «Ընկերությունների համաշխարհային խմբին» եւս տեսնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG