Մատչելիության հղումներ

Փաշազադեն «տարածաշրջանում տեռորի կենտրոն» է որակում Ղարաբաղը


«Ներկայումս տարածաշրջանում տեռորի կենտրոն է Լեռնային Ղարաբաղը», - հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Թաթարստանի մայրաքաղաք Կազանում այսօր անցկացվող` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ։

«Այդ հողերը օկուպացված են, եւ մենք սպասում ենք այն օրվան, երբ հողերը կազատագրվեն խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի շրջանակներում», - Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասել է Փաշազադեն։

Կովկասի մահմեդականների առաջնորդը նոյեմբերի վերջին Երեւանում մասնակցեց ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստին։ Նիստի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Փաշազադեն համատեղ հայտարարություն ստորագրեցին` կոչ անելով, մասնավորապես, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծից հետ քաշել դիպուկահարներին։

«Մենք աղոթում ենք, որ երկու երկրների ինչպես ղեկավարների, այնպես էլ ժողովուրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ փոխվեն դեպի լավը», - ասված էր երեք հոգեւոր առաջնորդների հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG