Մատչելիության հղումներ

Նախկին դիվանագետներն ընդդեմ Հայաստանի կառավարության


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստերի դահլիճը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստերի դահլիճը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ուսումնասիրել 2008 թվականի ետընտրական իրադարձություններից հետո աշխատանքից ազատված 4 նախկին դիվանագետների դիմումը:

Հիշեցնենք, 2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի արտգործնախարարության մի շարք աշխատակիցներ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց վրդովմունքն էին հայտնել ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ: Դիվանագետները պահանջել էին անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ: Վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրած դիվանագետներն այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանով ազատվել էին աշխատանքից եւ զրկվել դիվանագետի կոչումից: Նրանցից 4-ը` այդ թվում արտգործնախարարության մամուլի վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանըը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը եւ Ամերիկայի ու Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, արտգործնախարարի այս որոշումը բողոքարկել էին հայաստանյան դատական ատյաններում, որտեղ մերժում ստանալուց հետո դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նախկին դիվանագետները իրենց դիմումում նշել էին, որ խախտվել է իրենց ազատ արտահայտվելու իրավունքը:

Փաստորեն, գրեթե 4 տարի հետո Եվրադատարանը սկսել է ուսումնասիրել այս գործն ու արդեն հարցապնդումներ է ուղարկել Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրադատարանում նախկին դիվանագետների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

«Մասնավորապես, դատարանը կառավարությանը առաջադրել է հետեւյալ հարցերը, թե որքանո՞վ է օրենքով նախատեսված եղել այն միջամտությունը դիմողների արտահայտվելու ազատությանը, որը իրականացվել է կառավարության կողմից, որքանով է այդ միջամտությունը ուղղված եղել որեւէ իրավաչափ նպատակի բավարարմանը (այստեղ խոսքը վերաբերում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավաչափ նպատակներից որեւէ մեկին), եւ որքանով է այդ միջամտությունը համաչափ եղել հետապնդվող նպատակին», - նշեց Վահե Գրիգորյանը` հավելելով. - «Կառավարությունը մինչեւ մարտի 15-ը պիտի պատասխանի դատարանին: Մեր կարծիքով, բոլոր այս հարցերի կապակցությամբ կառավարությունը բավականին ծանր վիճակում պիտի հայտնվի, որովհետեւ վստահաբար միջամտությունը չի եղել օրենքի հիման վրա»:

Նշենք, որ դիվանագետները աշխատանքից ազատվել էին այն պատճառաբանությամբ, որ խախտել են դիվանագիտության ծառայության մասին օրենքը: Համաձայն այդ օրենքի, դիվանագետին արգելվում է կուսակցական եւ քաղաքական գործունեությամբ զբաղվել: Սակայն փաստաբան Վահե Գրիգորյանը պնդում է, որ այդ հայտարարությամբ նախկին դիվանագետները որեւէ կուսակցական գործունեություն չեն իրականացրել, որեւէ քաղաքական ուժի անուն չեն տվել, այլ ընդամենը մտահոգություն են հայտնել ընտրախախտումների վերաբերյալ: Ավելին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նրանց ազատելով աշխատանքից, այդպես էլ չէր ասել, թե այդ անձինք, իրենց պաշտոնական դիրքը օգտագործելով, կոնկրետ ո՞ր քաղաքական ուժին էին աջակցել, եւ միայն վարչական դատարանն էր իր վճռի մեջ նշել, թե քանի որ այդ հայտարարությունը ընթերցվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից Ազատության հրապարակում, ապա դա դիտարկվում է իբրեւ կոնկրետ այդ քաղաքական ուժին ցուցաբերված աջակցություն:

Դիվանագետների փաստաբանը, սակայն, ասում է. - «Եթե որեւէ սուբյեկտ կարող էր այդ հայտարարությունից շահ ստանալ, դա բացառապես Հայաստանի Հանրապետությունն էր, որովհետեւ այդ դիվանագետները կոչ էին անում կառավարությանը անել այն, ինչը որ կառավարությունը պարտավոր է կատարել Սահմանադրությամբ: Այսինքն, այս հայտարարությունը որակել որեւէ քաղաքական ուժի իրենց պաշտոնական դիրքի եւ աշխատանքային հնարավորությունները ծառայեցնելու ապացույց` տրամաբանությունից դուրս է»:

Եվրոպական դատարան դիմած նախկին դիվանագետներից Վլադիմիր Կարապետյանը, ով այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ է, անդրադառնալով այս գործին, նշեց, թե իր համար անհասկանալի է Հայաստանի արտգործնախարարության կեցվածքը, քանի որ վերջինս աշխատանքից հեռացնում է 11 դիվանագետի, որոնք ընդամենը մտահոգություն են հնչեցրել ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, մինչդեռ երբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը` Շառլ Ազնավուրը քաղաքական սուր հայտարարություններ է անում, արտգործնախարարությունը ուղղակի լռում է:

«Ես չեմ հասկանում պատճառը, որ այսպիսի կամայական մեկնաբանություն կա շատ հստակ գրված Դիվանագիտական ծառայության մասին օրենքի, եւ կարծում եմ, որ նրանք պետք է պատասխան տան, ինչո՞ւ են մի դեպքում 11 դիվանագետի վերաբերյալ նման որոշում կայացրել, եւ այն անձնավորությանը, որը Հայաստանի դեսպանն է շվեյցարիայում, իր նկատմամբ որեւէ միջամտություն չկա», - հարցնում է Կարապետյանը:

Նախկին դիվանագետների գործով փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ արտգործնախարարությունից: ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, թե երբ իրավաբանները ծանոթանան եւ համապատասխան եզրակացություններ անեն ներկայացված հարցապնդումների վերաբերյալ, այդ ժամանակ էլ արտգործնախարարությունը կներկայացնի իր դիրքորոշումը:

Տիգրան Բալայանը նաեւ հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել իր նախկին պաշտոնակցի` Վլադիմիր Կարապետյանի այն դիտարկումը, թե ինչո՞ւ արտգործնախարարությունը չի արձագանքում դեսպան Շառլ Ազնավուրի քաղաքական հայտարարություններին:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG