Մատչելիության հղումներ

Սարգսյանների ընտանիքը կրկին ընտանեկան նպաստ կստանա


Վարդաշենի հանրակացարանում բնակվող Սարգսյանների ընտանիքը 2012 թվականից հունվարից կրկին ընտանեկան նպաստ կստանա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Որոշումը կայացվել է մամուլում ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին հրապարակումների արդյունքում:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրավիճակին ծանոթանալու նպատակով երեկ Սարգսյանների ընտանիք է այցելել քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը:

Քաղաքապետի խոսնակն ասաց, որ ընտանիքը նպաստից զրկվել էր, քանի որ կառավարության 2010 թվականի որոշման համաձայն, ընտանիքը նպաստ ստանալու համար պետք է հաշվառված լիներ իր բնակության վայրում: Այս մասին Սարգսյանները տեղեկացված են եղել, սակայն չեն հաշվառվել: Դեկտեմբերի 2-ի դրությամբ, սակայն, Սարգսյանների 4 հոգանոց ընտանիքն արդեն հաշվառված է եւ 2012 ի հունվարից կրկին նպաստ կստանա:

Բացի այդ, քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորի կապակցությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից աջակցություն կցուցաբերվի ոչ միայն այս, այլեւ մի քանի հազար կարիքավոր ընտանիքների:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG