Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 8-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Տարօրինակ երկիր է Հայաստանը: Այն, որ երկրիս բնակչության մեծ մասը երազում է հայտնվել որեւէ արտասահմանյան երկրում, նորություն չէ եւ առանձնապես զարմանալի էլ չէ: Բայց որ երկրիս բարձր պաշտոնյաներն էլ են դա երազում եւ ցանկացած փոքր հնարավորություն օգտագործում արտերկրում հայտնվելու համար, թերեւս արտառոց է ու աննախադեպ: Մի երկիր, որի նախագահը պաշտոնավարումն ավարտելուց հետո համաձայնում է դառնալ ռուսաստանյան մի ֆինանսական կորպորացիայի տնօրենների նախագահ: Մի երկիր, որի օմբուդսմենը հրաժարվում է պաշտպանել իր երկրի քաղաքացիների իրավունքները եւ համաձայնվում պաշտպանել Կենտրոնական Ասիայի բնակչության իրավունքները: Մի երկիր, որի մեկ միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը հրաժարական է տալիս` հայտարարելով, որ բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ է ստացել, եւ օրեր անց նշանակվում ռուսական մի բանկի փոխնախագահ: Մի երկիր, որի անվտանգության նախկին նախարարը (Կառլոս Պետրոսյանը) մշտական բնակության է տեղափոխվում Ռուսաստան եւ հիմնադրում հետխորհրդային ինտեգրացիա քարոզող «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժումը: Մի երկիր… Իսկ գուցե երկրիս վարչապետն ու նախագահն է՞լ են երազում եվրոպական մի տաքուկ երկրում աշխատանք գտնելու մասին»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Մեր քաղաքական համակարգի, նաեւ հասարակության մեջ այդպես էլ չձեւավորվեցին գաղափարախոսական եւ արժեքային հստակ համակարգեր։ Դրանց բացակայության պայմաններում քաղաքական կուսակցությունները դադարում են ներկայացնել հասարակության տարբեր շերտեր` վերածվելով ընդամենը որոշակի շահերով իրար կապված մարդկանց «թայֆաների»: Այստեղ աշխատում է մեկ ընդհանուր տրամաբանություն, որը բազմիցս բարձրաձայնվել է իշխանության կողմից` «թեկուզ պոլի փետ, բայց ՀՀՇ-ից», «ով ուզում է լինի, միայն թե ՀՀԿ-ից լինի»։Ցավոք, այս մտայնությունը արտահայտվում է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության մեջ։ «Արմատականները» բազմաթիվ անգամներ հայտարարել են` «ով մեզ հետ չի` թշնամի է, կեղծ ընդդիմություն է»։ Ցավոք, նույնը դրսեւորվեց նաեւ ԱԺ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ «Ժառանգության» մեջ, որը, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առաջադրեց թեկնածու եւ հետո սկսեց զարմանալ, թե նրան ձայն չեն տվել միայն այն «արժանիքի» համար, որ ընդդիմադիր է»։

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Խնդիրն այսօր այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ վերաբերմունքը դրսեւորվում է Կոնգրես - ԲՀԿ «թամաշայի» թեժ շրջանում, երբ բոլորը սպասում են Գագիկ Ծառուկյանի արձագանքին: ԲՀԿ-ն անուղղակի, զգուշորեն, բայց թերեւս ակնարկում է իշխանությանը, որ կարող է նաեւ դիտարկել Հանրապետականին դեմ գնալու տարբերակն ու ծավալել ընդդիմադիր գործունեություն: Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է նաեւ մեկ իրողություն: ԲՀԿ-ն սատարում է Դաշնակցությանը, իսկ դա նշանակում է Ռոբերտ Քոչարյան - ՀՅԴ - ԲՀԿ եռանկյունու կամ եռօղակ շղթայի արտահայտում: Ուժի այդ երեք կենտրոնները գրեթե բոլորը շաղկապում են իրար, եւ ԲՀԿ-ն, ներկայումս սատարելով ՀՅԴ-ի նախաձեռնությանը, մեսիջ է հղում նաեւ Կոնգրեսին, առ այն, որ ամենեւին չի պատրաստվում հրաժարվել Ռոբերտ Քոչարյանից, ինչը պնդում կամ որպես նախապայման է դնում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս պարագայում պետք է ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կամ ցույց է տալիս ՀՀԿ-ին, որ իրականում ինքը կարող է դառնալ ընդդիմություն, բայց ամենեւին ոչ Կոնգրեսի հետ, կամ էլ Կոնգրեսին է ցույց տալիս, որ կարող է միավորվել, սակայն ոչ Կոնգրեսի պայմաններով եւ երբեք չի հրաժարվի Ռոբերտ Քոչարյանից»:

«Առավոտ»-ի լրագրողը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցնում է. - «Հայ ազգային կոնգրեսի ներսում, ըստ լուրերի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության դեմ խոսել եք Դուք, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց հնչեցրած կարծիքին»: Պատասխան. - « Լուրջ տարաձայնություններ ես չեմ տեսնում: Համագործակցության մասին հարցը կարելի է քննարկել միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ դառնա ընդդիմություն: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ավելորդ են խոսակցություններն այդ հարցի շուրջ: Ավելացնեմ նաեւ, որ ընդդիմությունը չպետք է իր հույսը դնի ներիշխանական տարաձայնությունների վրա, որոնք այսօր կան, վաղը կարող են եւ չլինել, այլ պետք է ապավինի մեր հասարակությանը, սթափ վերլուծի իրավիճակը եւ փորձի գործել առավելագույնս արդյունավետ»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նիկոյանի կենսագրության մեջ որեւէ բան ասված չէ այն մասին, որ նա 2008 թվականին ղեկավարել է Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովը: Սա ի՞նչ է նշանակում: Առնվազն երկու բան: Նախ, Նիկոյանը գիտակցում է, որ այդ բարձունքներին հասել է Մարտի 1-ի հանձնաժողովի գործունեության հետեւանքով, բայց եւ ուզում է այդ փաստը շրջանցել, չի ուզում, որ պատմության մեջ, այսօրվա իրականության մեջ այդ ընկալումը լինի: Չի ուզում հերթական անգամ արձանագրել, որ ինչպես իր շեֆը, այնպես էլ ինքը պաշտոնի է տիրացել Հայաստանի Հանրապետության 10 անմեղ քաղաքացիների արյան գնով: Չշփոթե’ք` ոչ թե ամաչում է այդ փաստից. եթե ամաչեր, չէր անի այն, ինչից ամաչում է, այլ ուզում է ցրել, մոռացության մատնել այդ փաստը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG