Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 6-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Տրամաբանությունը հուշում է, որ նախագահական ժամկետի ավարտին, ցանկացած նախագահ դառնում է ավելի ինքնավստահ, նրա գործողությունները լինում են ավելի կանխատեսելի, գործունեությունը ձեռք է բերում տրամաբանական առանցք: Բայց Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման պարագայում այդ ամենը կարծես թե լինի գլխիվայր: Այսինքն` նրա նախագահական պաշտոնավարման մեկնարկը, որքան էլ տարօրինակ թվա այդ պնդումը շատերի համար, ավելի տրամաբանված էր եւ ավելի ներքին հանգստություն ուներ իր մեջ, չնայած հետընտրական հայտնի իրադարձություններին, ողբերգություններին եւ լարվածությանը, քան կա այժմ: Այսինքն` որքան ժամանակ է անցնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից, այդքան Հայաստանում գործընթացները, երեւույթները, իրադարձությունները դառնում են հակասական, չտրամաբանված, անսպասելի, անկանխատեսելի: Այս պայմաններում Սերժ Սարգսյանը գնում է ընտրություններին ընդառաջ: Ակնհայտ է, որ նա հերթական ընտրություններին չի կարողանում հասցնել, եւ այդ դեպքում ավելորդ է խոսել որեւէ արտառոց զարգացման նրա պատրաստ լինելու մասին:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում իշխանական կուսակցությունը, չնայած սպասելիքներին, չկարողացավ ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը` չնայած ներդրել էր ողջ պետական-վարչական հսկայական ռեսուրսը: Մեզանում ակներեւաբար քննարկելու են հայաստանյան քաղաքական դաշտի եւ ընտրությունների վրա ռուսաստանյան ընտրությունների ազդեցության հարցը: Եվ ամենաէական հարցն այն է, թե արձանագրված անակնկալ արդյունքները որքանո՞վ կազդեն մեր ընտրողների գիտակցության վրա: Արդյո՞ք այն վերջապես կհուշի եւ կարմատավորի այն կարծիքը, որ քվեն իսկապես ուժ է, եւ որ առաջին հերթին ընտրելու սեփական իրավունքի հարգումը կարող է հանգեցնել այնպիսի արդյունքների, որոնք անխուսափելի կդարձնեն փոփոխությունները Հայաստանի քաղաքական համակարգում, որի գաղջահոտն արդեն իսկապես անտանելի է դառնում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է արդյոք, որ, ասենք, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ասի, եւ որեւէ մեկը դեմ արտահայտվի: Եվ ընդհանրապես` քաղաքական ի՞նչ քննարկում կարող է լինել ՀՀԿ-ում: Այդ կուսակցության վերնախավի ութսուն տոկոսին եթե հարցնեք, թե ինչ ուղղվածության կուսակցություն է ՀՀԿ-ն, մի տասը րոպե գլուխները կքորեն, հետո հարցը կընկալեն որպես անձնական վիրավորանք, հետո կփորձեն կռահել, թե ով է իր «գլխին սարքում», եւ այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չեն տա: Եվ այս ամենի պատճառն այն է, որ կոնսենսուսի բացակայություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն մեկից ավելի կարծիքներ: Կոնգրեսում քաղաքական ուժեր են հավաքվել, եւ բնականաբար ամեն մեկն ունի իր կարծիքը, իսկ ՀՀԿ-ում նման բան չկա: Ավելին` այնտեղ նույնիսկ մեկ կարծիք չկա: Հիշում եք, չէ՞, հայտնի ֆիլմի հերոսի խոսքերը. «Նույնիսկ ե’ս չեմ համարձակվում համբուրել իմ կնոջը»:

«Իրատես de facto»-ն զրուցել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Մշտապես վստահեցնում եք, որ արտահերթ ընտրությունների եք հասնելու: Նախ` ժամանակային առումով դա հնարավո՞ր է, հետո էլ քաղաքական ուժերի շրջանում, կարծես, արտահերթի տրամադրություններ չեն նկատվում: Ակնհայտ չէ՞, որ ամեն ինչ տանում է հերթական խորհրդարանական ընտրությունների»: Պատախան. - «Ամենեւին: Մեր շարքերում ժողովրդի տրամադրությունը, արտահերթ ընտրությունների անցկացման առնչությամբ, գերիշխում է: Մենք ունենք այդ հնարավորությունը: Առավել եւս, որ իշխանության ներսում առկա գզվռտոցները նպաստում ու արագացնում են դրա հնարավորությունը: Հուսով եմ` գարնանը լուրջ համախմբում կլինի, քանի որ իշխանություններն ավելի թուլացած կլինեն: Սակայն մեր թիմը, այս պահից սկսած, պատրաստում ենք նաեւ ցանկացած ընտրությունների: Այսինքն, դրանք միմյանց չեն հակասում. ձգտում ենք արտահերթի, բայց պատրաստվում ենք նաեւ հերթական ընտրություններին»: Հարց. - «Տեսակետ կա, որ ՀԱԿ-ն իր քայլերը մշակում ու հաշվարկները կառուցում է իշխանության սայթաքումների վրա»: Պատասխան. - «Ոչ, պարզապես մենք ամեն ինչ կանենք, որ նրանք շատ սայթաքեն: Վստահ եմ, որ այն, ինչ իշխանության ներսում է կատարվում, մենք էլ ենք նպաստել դրան: Այս իրավիճակը կանխատեսելի էր, որը դեռ կշարունակվի ու կխորանա: Իշխանության «ջարդվելը» թուլության եւ ընդդիմության ուժեղացման նշան է, չնայած իրենք էին փորձում մեր շարքերում ճեղքեր առաջացնել, ինչը չհաջողվեց»:

Արվեստաբան Լեւոն Իգիթյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասում է. - «Լրատվամիջոց եղավ` փոխանակ ուրախանալու, որ Երեւանը եւս մեկ գեղարվեստական ստեղծագործությամբ հարստացավ, գրեց, թե գլխավոր դատախազն ի՞նչ գործ ուներ արձանի բացմանը: Եղբայր, ուրախ կլինեմ, եթե հայ մարդը, անկախ պաշտոնից եւ դիրքից, հստակ դիրքորոշում ունենա: Այն, որ Աղվան Հովսեփյանը նախ աջակցել է, իր լուման ներդրել արձանի ստեղծմանը, հետո էլ բացմանը ներկա եղել, վա՞տ է»:
Դեկտեմբերի 6-ի մամուլ
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG