Մատչելիության հղումներ

Հայկական երիտասարդական թատրոնն ավելի լավ վիճակում է, քան կինոն


Երիտասարդ կինոռեժիսոր Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմն այս տարի «Ոսկե Ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնին արժանացավ երեք մրցանակների:

Ֆիլմը շաքարային դիաբետ եւ բազմաթիվ այլ խնդիրներ ունեցող մի հայ երիտասարդի մասին է, ով փորձում է գտնել իր կյանքում մնացած լուսավոր կետերը` առաջ շարժվելու համար: Նկարաhանումները ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով են արել միտումնավոր, ռեժիսորի խոսքերով՝ ավելի անկեղծ լինելու համար: Ֆիլմի ռեժիսորը, մոնտաժող, օպերատորը եւ գլխավոր դերակատարը ինքը՝ Հարութ Շատյանն է: Ֆիլմի բյուջեն էլ բավականին համեստ է:

«Երիտասարդ ռեժիսորներին պետք է վստահել: Երբ նոր ես ավարտում համալսարանը եւ քո արած առաջին քայլերը գնահատվում են, դա թեւեր է տալիս հետագա աշխատանքների համար», - «Մաքսլիբերթի»-ի հետ հայ երիտասարդ ռեժիսորների խնդիրների մասին խոսելով՝ նշեց Հարութը:

Ֆիլմ նկարահանելը բավականին թանկ հաճույք է ողջ աշխարհում: Որոշ ֆիլմերի բյուջեները կազմում են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար, որը ներառում է դերասանների, օպերատորների, ողջ նկարահանող խմբի հոնորարները, օգտագործված տեխնիկայի վրա արված ծախսերը եւ այլն:

«Այդ պատճառով երիտասարդ ռեժիսորը չպետք է ասի, թե ինքը պետք է նկարահանի շատ լավ տեխնիկայով, շատ լավ դերասանական կազմով, ոչ ոք չի տա նրան այդքան գումար, եւ դա սովորական է, քանի որ դու երիտասարդ ես եւ քեզ չեն վստահում: Այդ պատճառով պետք է սկսել փոքր քայլերով», - ասաց նա:

Հարութ Շատյանի խոսքերով ֆիլմ նկարահանելու համար Հայաստանում բավականին լավ տեխնիկա կա, այլ հարց է, թե ով է այդ տեխնիկայից օգտվում.

«Երիտասարդները ընդհանրապես գործ չունեն, իսկ ավելի փորձառուները հազիվ իրենց գործերն են հասցնում: Իրավիճակը հավասարակշռության բերելու նպատակով երեւի մի օր արվեստագետները պետք է ժողով անեն եւ որոշեն, որ վստահեն տեխնիկան երիտասարդներին, փոխարենը՝ պահանջեն որակյալ ֆիլմեր», - նշեց Հարութը:

Երիտասարդների համար ֆիլմեր ստեղծելու մեկ այլ հնարավորություն է, ըստ նրա, մի գաղափարի շուրջ համախմբվելը: Նա նշեց, որ այժմ մի քանի երիտասարդ ռեժիսորներով փորձում են իրագործել նման մի նախագիծ:

«Բայց քանի որ մեզ մոտ գործում են «ես ամենալավն եմ եւ ես ամեն ինչ կարող եմ անել մենակ» սկզբունքով, այդ պատճառով հիմա նման իրավիճակում ենք», - ասաց Հարութը:

Երիտասարդ թատերական ռեժիսոր Գոռ Մարգարյանի՝ Մարսել Միտուայի «Նվագակցողը» պիեսի հիման վրա բեմադրված «Լյուսիեն Լյուկ» մոնո ներկայացումն այն մասին է, թե ինչ է զգում մարդը, ով մշտապես գտնվում է ետին պլանում եւ համարում է, որ ողջ կյանքի ընթացքում չի գնահատվել: Ներկայացումը մասնակցել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, արժանացել է «Արտավազդ» մրցանակին լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում: 2011 թվականի ամռանն էլ Գոռ Մարգարյանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող Չեխովյան թատերական փառատոնի ամառային դպրոցին:

Երկու ռեժիսորներն էլ «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեցին, որ երիտասարդների ներգրավվածության առումով թատրոնն այսօր Հայաստանում ավելի լավ վիճակում է գտնվում, քան կինոն:

«Այսօր գրեթե յուրաքանչյուր թատրոնում մեկ, երկու կամ երեք երիտասարդ ռեժիսոր է աշխատում: Այդ առումով ավելի լավ վիճակում ենք, քան ԱՊՀ այլ երկրների ռեժիսորները: Նրանք զարմանում էին, թե ինչպես են մեր գեղարվեստական ղեկավարները թույլ տալիս երիտասարդ բեմադրիչներին արդեն պրոֆեսիոնալ բեմերում ներկայացումներ բեմադրել», - ասաց Գոռ Մարգարյանը:

Համեմատելով Մոսկվայի եւ Երեւանի թատերական միջավայրերը` Գոռը նշեց, որ այնտեղ թատերական դաշտն անհամեմատ ավելի մեծ է, հանդիսատեսն էլ շատ ավելի է ձգտում թատրոն գնալ, քան հայ հանդիսատեսը:

Երեկ ավարտվեց երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը, որի ժամանակ ներկայացված բեմադրություններում առկա էր մեկ միտում` մեծամասնությունն արված էր փոքր բեմի համար, քիչ դեկորացիայով եւ դերասաններով կամերային ներկայացումներ էին: Հարցին, թե արդյո՞ք դա գումարի պակասի պատճառով չէ, քանի որ այսօրվա երիտասարդ ռեժիսորները հնարավորություններ չունեն մեծ գումարներ ծախսել ներկայացումների վրա, Գոռը պատասխանեց. - «Բնավ ոչ, ես ինքս ավելի հակված եմ ավելի փոքր կամերային բեմադրություններ անելու, քանի որ այդտեղ, այսպես ասած, խոշոր պլաններն ավելի շատ կարող ես օգտագործել՝ կերպարներիդ ավելի խորը ներկայացնելու համար»:

please wait

No media source currently available

0:00 0:06:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG