Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Թուրքիայի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում»


Կոպենհագենում` Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում երեկ ունեցած ելույթից հետո պատասխանելով ներկաների հարցերին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարակուսանք է հայտնել Թուրքիային հնչող այն հայտարարությունների կապակցությամբ, թե հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել։

«Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման, կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Դանիայի արտգործնախարար Վիլի Սյովնդալի, երկրի խորհրդարանի` Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի, դանիացի այլ պաշտոնյաների հետ։

Հանդիպումների ժամանակ Նալբանդյանը ասել է, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը վկայում է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու եւ ամրապնդելու` հայկական կողմի նպատակադրվածության մասին:

Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը նաեւ ծավալուն հարցազրույց է տվել դանիական խոշորագույն Politiken օրաթերթին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG