Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 25-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հասարակական հարաբերություններում կարող է գործել միայն պայմանագիրը, կոնտրակտը, եւ որքան հստակ ու մանրամասն են գրված պայմանագրի կետերը, այնքան մեծ հարգանք կա այդ կետերի նկատմամբ, այնքան ներդաշնակ է այդ երկրի ներքին կյանքը: Պատահական չէ, որ եվրոպական մտածողությունը, որին մենք կարծես թե ձգտում ենք, սերում է 17-րդ դարի փիլիսոփայությունից, որի անկյունաքարը «հասարակական պայմանագիրն է»: Այդ մտածողությանը խորապես խորթ են ինձ ուղղված այն հարցերը, որոնք ես ամեն օր լսում եմ փողոցներում` «ե՞րբ է էս իշխանությունը սկսելու գոնե մի օր մի քիչ մտածել ժողովրդի մասին, բա կարելի՞ է այս ձեւով ժողովուրդ պահել»: Սակայն խնդիրն այն է, որ «էս իշխանություն» կոչվածը մեր կողմից ժամանակավորապես վարձված մարդիկ են, որոնց պայմանագրային (օրինակ, սահմանադրական) գործառույթների մեջ չի մտնում ո'չ մեր մասին մտածելը, ո'չ էլ մեզ պահելը: Մենք նրանց վարձել են մեր անվտանգությունն ու մեր իրավունքները պաշտպանելու համար: Առաջին պարտականությունը նրանք կատարում են «3»-ի, իսկ «2»-ը` երկուսի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջերս մեր իշխանության թեթեւ ձեռքով «ժողովրդի թշնամու» նոր կերպար է ստեղծվում: Այո', հայաստանցի մեծահարուստներն են` այսպես կոչված «օլիգարխները»… «Օլիգարխը» խոշոր մոնոպոլիստ է, որը իշխանությունը ծառայեցնում է իր անձնական շահերին: Եթե ավելի պարզեցնենք, կստացվի հետեւյալը. «Օլիգարխը պարզապես գնել է պետության կառավարման իրավունքը»: Իսկ Հայաստանում ովքե՞ր են իրականում բռնազավթել իշխանությունը եւ ինչո՞ւ են շահագրգռված, որ հասարակության թշնամանքն ուղղվի հայաստանցի մեծահարուստների դեմ: Խոսելով օլիգարխների մասին` Հայ ազգային կոնգրեսը ընդամենը մեկ նպատակ է հետապնդում` վերականգնել սահմանադրական կարգը: Հենց դրա համար է անհրաժեշտ, որ խորհրդարանում չլինեն բիզնեսմեն պատգամավորներ: Բայց երբ սրա մասին խոսում է Սերժ Սարգսյանը, բոլորովին այլ նպատակներ ենք տեսնում: Իրականում նա երկու խնդիր է փորձում լուծել: Առաջին` դուր գալ արեւմտյան կառույցներին, երկրորդ` ավելի հնազանդ պահել մեր գործարարներին: Իսկ երբ արեւմտյան կառույցներն են անդրադառնում մեր երկիրը խժռող չարիքին` կոռուպցիային, պիտի հիշեն Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Մանր-մունր չինովնիկները առանձնապես մեղավոր չեն: Նրանց շատ հեշտ կարելի է վերադարձնել օրենքի դաշտ: Բայց Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովը ղեկավարում է վարչապետը, Սերժ Սարգսյանի վարչապետը: Սա արդեն զավեշտ էլ չէ»:

«Իրավունք»-ը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցնում է. - «Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ մեր կարկառուն օլիգարխիան այսուհետեւ կկաշկանդվի ձեր տիպի ոստիկանապետից»: Պատասխան. - «Բոլորն էլ իմ հարազատներն են, իմ տատն ու պապն են, իմ զավակներն են, իմ թոռներն են այնքան ժամանակ, մինչեւ հասարակական կեցության պայմանը չեն խախտում, այնքան ժամանակ եմ ես նրանց հարազատ, մինչեւ նրանք փորձ չեն արել խոտանել իմ արտադրանքը, փչացնել իմ արտադրությունը: Չէ՞ որ ես չեմ գնում այս կամ այն գործարարի գործարանում իր թխած կամ պատրաստած ապրանքը թույնում, փչացնում կամ ջարդում: Ես եկել եմ, որ մեր տեսակը գերիշխի»:

«Երկիր»-ը գրում է. - «Այս տարվա կեսերին ԼՂ հարցով բանակցությունների ընթացքում որոշում էր կայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերապահել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվող միջադեպերը հետաքննել եւ համապատասխան եզրակացություններով հանդես գալ: Անցել է մոտ 6 ամիս, ու չնայած ադրբեջանական դիպուկահարների գործողությունների եւ դրանց պատճառով հայկական կողմի ձեռնարկած պատժիչ գործողությունների արդյունքում անընդհատ ավելանում է միջադեպերի եւ զոհերի թիվը, այդպիսի հետաքննություն անցկացնելու մեխանիզմերն անգամ դեռեւս չեն մշակվել եւ, ըստ ամենայնի, դեռ տեւական ժամանակ չեն էլ մշակվելու: Սա դարձել է նույնքան աննպատակ մի բան, որքան սահմանագծին չդադարող փոխհրաձգությունների պայմաններում շաբաթը մեկ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող դիտարկումները, որոնց արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, տարօրինակ կերպով, չեն արձանագրվում»:

«Ժամամակ»-ը զրուցել է «Հանրապեություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Նա ասում է. - «Հասարակական լայն զանգվածների շրջանում հիմնարար հարցը, որ այսօր գնում է ընդդիմադիրների գործունեության շուրջ, այս է՝ հերթակա՞ն ընտրություններ, թե՞ արտահերթ: Ես համարում եմ, որ հինգ ամիս առաջ հերթական ընտրություններից խոսելը աննպատակահարմար է, եւ Հայաստանի նման երկրում այդ հինգ ամսվա մեջ ցանկացած գործունեություն կարող է բերել նախագահի հրաժարականի, իշխանափոխության: Այնպես չէ, որ այստեղի իշխանությունները ավելի ուժեղ են, քան Եգիպտոսի, Թունիսի իշխանությունները, որոնք իրենց ընտրություններից հինգ-վեց ամիս առաջ ստիպված եղան հասարակական ճնշման տակ հրաժարական տալ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG