Մատչելիության հղումներ

Ռաուլ դե Լուցենբերգերը հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը, նախագահի խոսքով, եղել է ակտիվ եւ արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ նախագահի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Նախագահի հրամանագրով, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգեւը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը Եվրամիությունում եւս գերիշխող կարծիք է: Դեսպանը հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ - Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG