Մատչելիության հղումներ

Պրահայում բացվեց Հայաստանի դեսպանությունը


Երեկ Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Կարել Շվարցենբերգի մասնակցությամբ տեղի է ունեցել Պրահայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։

Արարողությանը ներկա էին Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը կայացել է պաշտոնական այցով Պրահայում գտնվող Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Կարել Շվարցենբերգի հետ:

Չեխիայի փոխվարչապետ եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարել Շվարցենբերգը ընդգծել է, որ Պրահայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ - չեխական համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` Պրահայում Հայաստանի դեսպանության բացումը վկայում է Չեխիայի հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու եւ ընդլայնելու հայկական կողմի նպատակադրվածության մասին։

Նախարարները նշել են, որ վերջին երեք տարվա ընթացքում երկկողմ ութ համաձայնագրեր են ստորագրվել:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը, ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը, քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ։

Էդվարդ Նալբանդյանը չեխ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս:

Երեկ Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաեւ Չեխիայի Սենատ, որտեղ հանդիպում է ունեցել Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի եւ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով է հանդես եկել Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում, իսկ օրվա ավարտին Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում Նալբանդյանը հարցազրույց է տվել չեխական առաջատար «Լիդովե Նովինի» թերթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG