Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկն է»


«Բանկային համակարգը Հայաստանում դարձել է մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը», - ասված է բանկային աշխատողի օրվա եւ Հայաստանի Հանրապետության դրամի թողարկման 18-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում։

«Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում այն ունեցել է վերելքներ եւ նույնիսկ ճգնաժամային` 2009 թվականի ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին: Հայաստանի բանկային համակարգը սակավաթիվներից էր ԱՊՀ-ում եւ նույնիսկ ամբողջ աշխարհում, որը չպահանջեց պետության կողմից որեւիցե միջամտություն ճգնաժամին հակազդելու համար», - իր ուղերձում գրել է վարչապետը։

Նրա խոսքերով, բանկային աշխատողների շնորհիվ է, որ Հայաստանի բանկային համակարգի ռիսկերը միջազգային լավագույն պրակտիկայի համաձայն միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքերում: «Դրա մասին է վկայում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից բանկային համակարգի նկատմամբ դրսեւորվող վստահության աճը: Դրա վառ ապացույցը վերջին երկու տարիների ընթացքում ավանդների ընդհանուր ծավալի կայուն աճն է, որի` 2011 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը գերազանցում է 2009 թվականի նույն ամսվա ցուցանիշը` 76 տոկոսով: Համանման դրական դինամիկա ունեն նաեւ բանկային համակարգը բնութագրող այլ ցուցանիշներ, մասնավորապես, աճել են վարկավորման ծավալները, նվազել են տոկոսադրույքները եւ այլն», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասված է Տիգրան Սարգսյանի ուղերձում։

«Սակայն, այս բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ, անելիքներն այս ոլորտում բազմաթիվ են: Պետք չէ մոռանալ նաեւ, որ բանկային համակարգի վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ տնտեսության դինամիկ զարգացման մեջ մեծ դեր ունի հենց այս ոլորտը», - իր ուղերձում գրել է Հայաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG