Մատչելիության հղումներ

Հաագայում բացվեց Հայաստանի դեսպանությունը


Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ կայացել է Հաագայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ հայ - հոլանդական առնչությունները գալիս են դարերի խորքից, իսկ այսօր Նիդերլանդներում բացվում է անկախ Հայաստանի դեսպանություն, եւ բարձրացվում է Հայաստանի դրոշը: «Մեր դարավոր հարաբերությունների պատմության մեջ այս օրը մարմնավորում է նոր սկիզբ», - ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանությունը կարեւոր դերակատարություն կունենա բարեկամ Նիդերլանդների հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում: Նա կարեւորել է հոլանդահայ համայնքի դերը` որպես երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման յուրահատուկ կամուրջ:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալի հետ:

Ռոզենտալը շնորհավորել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հիմնադրման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այն լուրջ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նալբանդյանը ասել է, որ Հաագայում Հայաստանի դեսպանության հիմնումը երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, խորացման եւ ամրապնդման նպատակադրվածության ուղերձ է պարունակում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկրի զարգացմանը Նիդերլանդների կողմից ցուցաբերվող աջակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի շրջանակներում:

Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն, Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով դրանց քանակը կարելի է առնվազն կրկնապատկել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մտքեր փոխանակել Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափում ընթացող համագործակցության շուրջ, քննարկել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու հիմնական ուղղությունների մասին եւ պատասխանել նրանց հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG