Մատչելիության հղումներ

Երեւանում վաղը կմեկնարկի հայ եւ թուրք գործարարների համաժողովը


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը նոյեմբերի 22-23-ը Երեւանում կազմակերպում է հայ եւ թուրք գործարարների համաժողով:

Միջոցառումը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ` «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի կողմից:

Ծրագրի պատասխանատուի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը նախատեսում է հրավիրել ավելի քան երեք տասնյակ գործարարների, որոնք ներկայացնում են Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտները, այդ թվում` թեթեւ արդյունաբերություն, շինարարություն, կահույքագործություն, հանքային արդյունաբերություն, ոսկերչություն եւ առեւտուր:

Միջոցառման ընթացքում Հայաստանի տարբեր գործարար ոլորտների ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Թուրքիայից ժամանած առանձին գործարարների հետ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաեւ Թուրքիայից հրավիրված մասնակիցների արտադրանքի նմուշների ցուցադրություն:

Նախատեսվում է համագործակցության հուշագրերի ստորագրում հայկական եւ թուրքական գործարար կառույցների, ինչպես նաեւ գործարար կանանց կազմակերպությունների միջեւ` դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրների միջեւ գործարար համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG