Մատչելիության հղումներ

Կենսաթոշակների հափշտակման մեղադրանքով Սոցապ ծառայության պաշտոնյա է ձերբակալվել


Ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը:

Նրա ձերբակալման փաստի վերաբերյալ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին հետեւյալը. - «Նախաքննության ընթացքում ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթուր Սուքիասյանը, 2001-2008 թվականներին աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ դիմումների հիման վրա, խարդախության եղանակով հափշտակել է 22 հանգուցյալ կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի հասնող կասեցված կենսաթոշակի գումարները»:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս գործի շրջանակում կա 22 մեղադրյալ, որոնք ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ 23-րդը ձերբակալված Արթուր Սուքիասյանն է: Այլ մանրամասներ ոստիկանությունից չփոխանցեցին, ընդամենը հավելեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Սուքիասյանը, հիշեցնենք, ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի վարչությունում քննվող քրեական գործով:

2010 թվականի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր հերքել, որ իր պաշտոնանկության հարցը կարող է կապված լինել իր ղեկավարած կառույցում Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումների հետ: Այդուհանդերձ, հարուցված քրեական գործով Վազգեն Խաչիկյանին մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել: «Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց կապվել Խաչիկյանի հետ:

Ռադիոկայանը փոխարենը զրուցեց Սոցիալական ապահովության պետական ծառայության Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանների տարածքային բաժնի պետ Վարդուհի Գեւորգյանի հետ: Հենց այս տարածքային բաժնում է մինչեւ 2008-ը որպես պետի տեղակալ աշխատել ձերբակալված Արթուր Սուքիասյանը: Տարածքային բաժնի նոր պետի պաշտոնում Վարդուհի Գեւորգյանը նշանակվել է 2008 թվականի օգոստոսին:

«Ես երբ պետ նշանակվեցի, կամաց-կամաց սկսեցի խորանալ, հասկացա, որ բավականին թափթփված վիճակ է տիրում բաժնում` փաստաթղթերի տեղաբաշխման, դասավորության եւ առհասարակ գործերի ձեւակերպման եւ մեր ոլորտին առնչվող տարբեր այլ հարցերով», - ասաց Գեւորգյանը` հավելելով, որ ինքը չի աշխատել Արթուր Սուքիասյանի հետ:

«Սուքիասյանը աշխատել է տարածքային բաժնի պետի տեղակալ իմ գալուց առաջ: Իմ հրամանի նույն օրը ինքը ազատվել է, տեղափոխվել է այլ տարածք: Այս բաժինը պետ է ունեցել` Դերձյան Արտուշը, Սուքիասյանը եղել է նրա տեղակալը, պարզապես տարածքի, տեսուչների հետ աշխատանքը ավելի շատ կարծես թե ինքն է կազմակերպել: Եվ ասեմ, ինքը կենսաթոշակի գծով վատ մասնագետ չի եղել` իմ տվյալներով, իմ լսածով», - ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով` տարածքայինում իրականացված ստուգումներն ու Արթուր Սուքիասյանի ձերբակալությունը ավելի են սթափեցրել իրեն. - «Մինչ այդ էլ էի նորմալ աշխատում, բայց դրանից հետո շատ ավելի ուշադիր եմ, շատ ավելի զգուշավոր»:

Հարցին, թե հնարավո՞ր համարում է, որ քրեական գործի շրջանակում իր ղեկավարած տարածքային ստորաբաժանումից նոր մարդիկ ներգրավվեն` որպես մեղադրյալ, Գեւորգյանը պատասխանեց. - «Իմ տարածքից որեւէ մեկը չի անցնում այս գործով եւ չէր էլ կարող անցնել, որովհետեւ տարածքի աշխատակիցները փոքր մարդիկ են, որ իրենց նման ճոխություն կամ նման իրավախախտում թույլ տային»:

«Ազատություն» ռադիոկայանը այցելեց նաեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների տարածքային բաժին, որտեղ մինչեւ ձերբակալվելը պետի տեղակալ էր Արթուր Սուքիասյանը, սակայն բաժնի պետի դուռը փակ էր, իսկ աշխատակիցներից մեկն ասաց, որ տեղյակ չէ` ղեկավարն այսօր այցելել է աշխատանքի, թե` ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG