Մատչելիության հղումներ

Վազգեն Խաչիկյանը ազատվեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից


Վազգեն Խաչիկյան
Վազգեն Խաչիկյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը ազատվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդեց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչիկյանը իր պաշտոնանկության պատճառների մասին նշեց, թե «հստակ ոչինչ ասել չի կարող». - «Ես կարող եմ ասել, որ այս պահին մենք կսահմանափակվենք միայն պաշտոնական հաղորդագրությամբ»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր համար անսպասելի չէր իր պաշտոնանկությունը, եւ առայժմ իրեն ոչ մի ուրիշ աշխատանք չի առաջարկվել:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնանկությունը կապված է իր ղեկավարած կառույցում Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումների հետ, Խաչիկյանը ասաց, որ երբ հրապարակվեն Վերահսկիչի արձանագրությունները, այդ ժամանակ էլ բացատրություն կտա: Նա չբացառեց, որ Վերահսկիչի ստուգումները եւս դեր են խաղացել իր պաշտոնանկության հարցում` հավելելով, որ բացահայտված խախտումների մի մասին ինքը համաձայն է, մյուս մասին` ոչ:

«Կշարունակե՞ք անդամակցել Հանրապետական կուսակցությանը» հարցին Խաչիկյանը պատասխանեց. - «Միշտ», եւ հավելեց. - «Եթե իրենք ինձ չհեռացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG