Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 3-ի մամուլ


«Երկիր» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Որքան իշխանությունը խոսում է ժողովրդավարական արժեքները մեզանում արմատավորելու եւ դրանցով առաջնորդվելու մասին, այնքան ավելի է հեռանում դրանցից:Այս իրողություն նորից ապացուցվեց վերջին հրաժարականների ու պաշտոնանկությունների ժամանակ: Պարզվում է` եվրոպականացվող մեր բարձրաստիճան պաշտոնյաները կուսակցություններին ու իրենց առաջնորդին ծառայելն ավելի բարձր արժանիք են համարում, քան սահմանադրական սկզբունքների պահպանումը: Իսկ օրենսդիր մարմնի ղեկավարը, թերեւս չպատկերացնելով, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ու ինչ կարգավիճակ ունի, հրաժարական է տալիս գործադիր իշխանության ցուցումով` հայտարարելով, որ դրանով ապացուցեց իր նվիրվածությունը նախագահին: Մինչդեռ ժողովրդավարության առանցքային սկզբունքներից մեկը իշխանությունների տարանջատման ապահովումն է, որի համաձայն` օրենսդիրը որեւէ ձեւով ենթակա չէ գործադիր իշխանությանը, ավելին` իր իրավաստեղծ ու վերահսկողական լծակներով ինքն է նրա համար խաղի կանոններ մշակողը»:

«Առավոտ»-ի խմբագիրը խոսում է ներիշխանական զարգացումների երկու վարկածների մասին: Վարկած առաջին. կադրային փոփոխություններով իբր կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը. - «Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության․ ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության։ Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել․ կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ։ Երկրորդ սխալ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը։ Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով։ Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը։ Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից»։

«Հրապարակ»-ի լրագրողը զրուցել է օլիմպիական չեմպիոն, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրիկ Վարդանյանի հետ: Չեմպիոնը ասում է. - «Եթե Սերժ Սարգսյանը չանի այն, ինչ անում է այժմ, եթե չշարունակի սկսած գործը, ապա լուրջ խնդիրներ է ունենալու, իսկ դա խնդիր է դառնալու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, քանի որ Սարգսյանը իսկապես մեր երկրի նվիրյալ է: Նախագահն իրեն խանգարողներին պետք է ոչնչացնի, ես ոչնչացնել ասելով` նկատի չունեմ վիզը կտրել-մի կողմ գցելը, ուղղակի նրանք չպետք է մնան նախագահի շրջապատում, որպեսզի հնարավորություն չունենան խանգարել: Հավատացեք, եթե այսօր շատ բաներ չեն ստացվում, պատճառներից մեկն էլ այն է, որ նրան խանգարողները շատ են: Այդ մարդիկ նրա դեմքին ժպտում են, նրան գովերգում են, բայց իրենց գործերով խանգարում են նախագահին իրականացնել իր ծրագրերը: Դրա համար եմ ասում, որ այդ մարդկանցից պետք էր ազատվել ոչ միայն այսօր, այլ 3-4 տարի առաջ»:

«168 ժամ»-ը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հարցնում է. - «Փաստորեն, երկխոսությունը ՀԱԿ-ին ոչինչ չտվեց, ավելին, համակիրների մոտ որոշակի հիասթափություն առաջացրեց, բայց իշխանությունների համար օգտակար եղավ»: Պատասխան. - «Մենք հասկանում էինք, որ կուժեղանա: Վերջին հաշվով` թող ուժեղանա, Հայաստանն է ներկայացնում: Եվ ես պիտի ասեմ, որ նա հաջող օգտագործեց այդ ուժեղացումը` եւ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, եւ ներսում քայլեր ձեռնարկելու համար դրսի հետ բանակցություններում: Նա գնում է Ռուսաստան կամ ԱՄՆ, եւ արդեն չունի, այսպես ասած, իզգոյ կարգավիճակ: Այսինքն, ի տարբերություն Իլհամ Ալիեւի` ոչ ոք նրան չի կարող ասել` դիկտատոր, որովհետեւ նա երկխոսության պրոցեսների մեջ էր, եւ դա, բնականաբար, ուժեղացնում է նրան: Սա այն է, ինչ ստացավ Ս.Սարգսյանը: Ի՞նչ ստացավ ՀԱԿ-ը: ՀԱԿ-ն, իհարկե, լուծեց ամենակարեւոր հարցը, որը պարտավոր էր լուծել` ազատեց իր քաղբանտարկյալներին: Կուզենայինք, որ ավելի շատ լիներ, բայց իշխանությունը դրանից հետո պարզապես կասեցրեց երկխոսությունը` մասամբ «քցելով» մեզ»:

Վերջին կադրային փոփոխությունների մասին ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Չեմ կարծում, թե այդ ամենը պետք է մեկ շղթայի մեջ նայել։ Եթե խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա ԱԺ նախագահը պարզաբանել է իր հրաժարականի շարժառիթները: Ոստիկանապետի, քաղաքապետի հետ կապված` կարող եմ ասել, որ սրանք առանձին դրվագներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը եւ հիմնավորումը. որեւէ կապ չեմ տեսնում ոստիկանապետի, Երեւանի քաղաքապետի եւ ԱԺ նախագահի պաշտոնաթողության միջեւ»։
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG