Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Արագածոտնի մարզ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական եւ այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին:

Նախագահին ներկայացվել է, որ կառավարության եւ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի պոլիկլինիկական եւ հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական մասնաշենքն իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման եւ ջեռուցման համակարգերով, կաթսայատնով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը կահավորվել եւ հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով:

Նշվել է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են նաեւ տարաբնույթ խորhրդատվական եւ կրթական բնույթի աշխատանքներ: Հայաստանի կառավարության եւ ՀԲ-ի կողմից կատարված ընդհանուր ներդրումները Ապարանի բժշկական կենտրոնում կազմում են 1 միլիարդ 214 միլիոն 602 հազար դրամ (շուրջ 3 միլիոն 248 հազար դոլար):

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահն այցելել է նաեւ Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն, Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG